Genesis x Paul Whitehead՝ Հիանալի համագործակցություն, որը միավորում է արվեստը, վիկտորիական մոտիվները և 70-ականների պրոգրեսիվ ռոքը
- Rockestre - Battle of Evermore
- May 10
- 11 min read
Updated: 6 days ago

1960-ականների վերջում և 1970-ականների սկզբում ծնվեց պրոգրեսիվ ռոքը՝ մի ժանր, որն ընդլայնեց ռոք երաժշտության սահմանները՝ բարդ կոմպոզիցիաների և թեմատիկ խորության միջոցով։ King Crimson, Yes և Jethro Tull խմբերը այս շարժման առաջամարտիկները դարձան՝ թողարկելով այնպիսի ալբոմներ, ինչպիսիք են ”In the Court of the Crimson King”-ը (1969), “Fragile”-ը (1971) և “Aqualung”-ը (1971)։ Դասական ռոքի տարրերի, ջազային հնչողության ու էքսպերիմենտալ ձայների միախառնումով ձևավորվեց մի երաժշտություն, որը միաժամանակ վիրտուոզ և գաղափարականորեն հարուստ էր։ Մինչ այս խմբերը հասան զգալի առևտրային հաջողության, Genesis-ը նախընտրեց գեղարվեստական խորությունը առևտրային հաջողությանը, ինչը նրանց բերեց ավելի համեստ տարածում։
Genesis-ը, որը հիմնադրվել էր 1967 թվականին Charterhouse դպրոցում, արագորեն առանձնացավ իր ինքնատիպությամբ՝ արտ ռոքի և թատերական ներկայացումների յուրօրինակ միաձուլմամբ։ Մինչ մյուս խմբերը հաջողություն էին գտնում բլյուզային մոտիվներով և լայն լսարանին ուղղված կոմպոզիցիաներով, Genesis-ը կենտրոնանում էր պատմողականությամբ հագեցած երաժշտություն ստեղծելու վրա։ Նրանց կենդանի ելույթներում առանձնանում էին Փիթեր Գաբրիելի թատերական ներկայացումները, որոնք Genesis-ը տարբերում էին այլ խմբերից, որոնք ուշադրություն չէին դարձնում բեմականությանը։
Ստեղծագործական այս փուլում Genesis-ն իր պրոդյուսեր Ջոն Էնթոնիի միջոցով հանդիպեց նկարիչ Փոլ Ուայթհեդին՝ մի արվեստագետի, որի աշխատանքը շուտով անբաժան դարձավ խմբի ինքնությունից։ Ուայթհեդն իր կարիերան սկսել էր Liberty Records-ում և "Time Out" ամսագրում աշխատելով։ Նրա սյուրռեալիստական և մանրակրկիտ արվեստը գրավեց խմբի ուշադրությունը՝ հիմք դնելով պտղաբեր համագործակցության։ Charisma Records-ի՝ խմբի ձայնագրող ընկերության քաղաքականությունը նրանց հնարավորություն տվեց ազատորեն համագործակցելու, որի արդյունքում ստեղծվեցին "Trespass" (1970), "Nursery Cryme" (1971) և "Foxtrot" (1972) ալբոմների շապիկները։
Ուայթհեդի հետ համագործակցության շնորհիվ Genesis-ը գտավ իր յուրահատուկ տեղը պրոգրեսիվ ռոքի աշխարհում՝ կենտրոնանալով գեղարվեստականամբողջականության վրա, վիկտորիանական ոճի պատմությունների և երաժշտության ու տեսողական արվեստի խոր կապի վրա։ Չնայած այս համագործակցությունն առևտրային առումով այնքան լայն արձագանք չգտավ, որքան King Crimson-ի կամ Yes-ի հետ համագործակցությունը, այն նպաստեց խմբի ժառանգության ձևավորմանը՝ հաստատելով Genesis-ը որպես դարաշրջանի ամենաերևակայական և ազդեցիկ խմբերից մեկը։

TRESSPASS
Փոլ Ուայթհեդի և Genesis-ի առաջին համագործակցությունը
Նկարիչ Փոլ Ուայթհեդի և Genesis խմբի համագործակցությունը “Trespass” ալբոմի շապիկի վրա դարձավ խմբի տեսողական ինքնության ձևավորման վճռորոշ պահը, որով սկզբնավորվեց նրանց երաժշտության և արվեստի աճող թեմատիկ բարդությունը։ Թողարկվելով 1970 թվականին՝ “Trespass”-ն ազդարարեց պրոգրեսիվ ռոքի հանդեպ Genesis-ի մոտեցման փոփոխությունը՝ խաղաղության և կոնֆլիկտի բարդ ու դինամիկ փոխազդեցությամբ, որը հրաշալիորեն ամփոփված է այս ալբոմի ուայթհեդյան շապիկի մեջ։ Աայն ոչ միայն լրացնում է երաժշտությունը, այլև ընդգծում նրա թեմաները՝ խորացնելով ունկնդրի ճանապարհորդությունը դեպի ալբոմի պատմողական աշխարհ։
Փոլ Ուայթհեդի տեսլականը
Genesis-ի հետ սերտորեն համագործակցելով նրանց ձևավորման վաղ տարիներին՝ Փոլ Ուայթհեդը նպատակ ուներ զարգացող երաժշտական թեմաները վերածելու տեսողականորեն ազդեցիկ պատմությունների։ “Trespass” ալբոմի համար Ուայթհեդը կենտրոնացավ երկվությունների ուսումնասիրության վրա՝ խաղաղություն և բռնություն, գեղեցկություն և ոչնչացում, կարգուկանոն և քաոս։ Ստեղծված գեղարվեստական աշխատանքում ներկայացված է խաղաղ հովվերգական պատկեր, որը կտրուկ խաթարվում է կտավի միջով անցնող դրամատիկ պատռվածքով։ Այս ազդեցիկ հնարքը Ուայթհեդը կատարում է իրական դանակով կտավը պատռելով, ինչը ստեղծագործությանը հաղորդում է ինտուիտիվ, ֆիզիկական լարվածություն։ Ներխուժման այս համարձակ գործողությունն արտացոլում է “Trespass”-ի հիմնական թեմաները, որտեղ սահմանները՝ բնական, հուզական կամ հասարակական, խախտվում, անցնում կամ ոչնչացվում են։ Պատռվածքը դառնում է շապիկի կենտրոնական տարրը՝ խորհրդանշելով հանգստության խզումը և ընդգծելով երաժշտության տակ թաքնված լարվածությունը։
Պատռվածքը որպես սիմվոլ
“Trespass” ալբոմի շապիկի վրա գտնվող պատռվածքը պարզապես դեկորատիվ տարր չէ. այն խորապես խորհրդանշական է։ Այն ներկայացնում է ներխուժում մի խաղաղ և ներդաշնակ հովվական աշխարհ։ Այս թեման անցնում է ամբողջ ալբոմի միջով՝ հատկապես հնչյունավորվելով հուզական, քաղաքական և բնական ցնցումների երաժշտական պատկերման մեջ։ Խաղաղ հովվական տեսարանը բռնի կերպով խաթարվում է այդ դրամատիկ պատռվածքով՝ ստեղծելով կտրուկ հակադրություն անդորրի և քաոսի միջև։ Այս տեսողական հակադրությունն ինքնին մարմնավորում է ալբոմի ներքին լարվածությունը, որտեղ բնության խաղաղ գեղեցկությունը խաթարվում է հուզական ու հասարակական խռովություններով։Այսպիսով‘ պատռվածքը դառնում է ալբոմի կենտրոնական թեմայի խաթարման ուժեղ տեսողական ներկայացումը։ Անկախ նրանից՝ խոսքը հեղափոխության, անձնական հակամարտության, թե գոյաբանական պայքարի մասին է, պատկերի անդորրությունը, որը խորհրդանշում է յուրատեսակ անձեռնմխելի մաքրություն, խզվում է։ Սահմանների հատման՝ «trespassing»-ի (հայերեն՝ ապօրինի ներխուժման) գաղափարը արտահայտվում է և՛ տեսողական, և՛ ձայնային մակարդակներով, երբ “Trespass” ալբոմը խորանում է մարդկային բնության մութ խորշերի մեջ։
Հովվական մթնոլորտը և դրա խաթարումը
“Trespass” ալբոմի երաժշտությունը ստեղծում է հովվական մթնոլորտ՝ համեմատաբար հանդարտ մեղեդիների և բնության, գեղեցկության ու կարոտի թեմաներով հագեցած տեքստերի միջոցով։ «Visions of Angels» և «Stagnation» երգերը առաջացնում են փխրունության և անմեղության զգացողություն՝ վեր հանելով բնական աշխարհի գեղեցկությունն ու մարդկային գոյության նրբագեղ փխրունությունը։ Հովվական հնչյուններն ու բառերը միահյուսվում են՝ ձևավորելով անդորրային միջավայր, որը խրախուսում է ինքնախորացում և հուզական արձագանք։ Սակայն այս հանգստությունը կտրուկ խաթարվում է վերջին՝ «The Knife» երգում, որտեղ տոնայնությունը փոխվում է։ Հեղափոխության, ապստամբության և բռնության պատումը քաոս է սփռում նախկին խաղաղ միջավայրի մեջ՝ իր ագրեսիվ էներգիայով կոտրելով նախապես ստեղծված անդորրը։ «The Knife»-ը զգալիորեն տարբերվում է նախորդ երգերի ավելի հանդարտ և ինքնամփոփ բնույթից՝ ներմուծելով ինտենսիվ, հուզականորեն լիցքավորված տոն, որը կտրուկ հակադրվում է հովվական խաղաղությանը։ Երաժշտության մեջ «The Knife»-ը ներկայացնում է անհամաձայն հնչյունների խառնաձայն բախում, որը հնչյունային արտացոլումն է երգում նկարագրված բռնության և ցնցումների։ Արյունահեղության և ավերածությունների պատկերները թափանցում են երգի ողջ կառուցվածքի մեջ, և բռնության վերջին դրսևորումը խաթարում է հովվական անդորրը, ինչպես շապիկի վրա պատկերված դրամատիկ պատռվածքը։ Հովվերգականության և բռնության միջև առաջացած այս խզումը խորապես արտացոլում է երգի ներքին հակամարտությունն ու ”Trespass” ալբոմի ավելի ընդգրկուն պատմությունը։
Կապը երգերի տեքստերի հետ
Շապիկի վրա պատկերված բռնության, հեղափոխության և ավերածության թեմաները խորապես միահյուսված են ալբոմի տեքստերի հետ։ Ուայթհեդի տեսողական մոտեցումը հիանալի արձագանքում է Genesis-ի պատմողական և երաժշտական կոմպոզիցիաներին, որտեղ պատռվածքը խորհրդանշում է անդորրի՝ հակամարտության և խռովությունների հետևանքով առաջացած խզումը։“The Knife”-ում ներկայացվող բռնությունը՝ և՛ հնչյունային, և՛ տեքստային մակարդակներում, առնչվում է շապիկի ավերիչ կերպարի հետ։ «The Knife»-ում հեղափոխական բռնության պատկերները վեր են հառնում այնպիսի տողերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, երգի 2-րդ տան առաջին տողերը.
I'll give you the names of those you must killAll must die with their children.
Այս տողերը ստեղծում են դաժան հակամարտության, արյունահեղության և իշխանության պայքարի ավերիչ հետևանքների մտապատկերներ։ Շապիկի վրա պատռվածքը տեսողականորեն ներկայացնում է այդ քաոսը՝ արտացոլելով հովվական խաղաղության և բռնի բռնկման միջև առաջացած սուր հակադրությունը։ Բռնության ճնշման տակ հույսի և մաքրության խորհրդանշական հովվերգական տեսարանը գազանաբար խզվում է արծարծելով քաղաքացիական անկարգությունների և ապստամբության թեմաներ։
Գեղարվեստական համագործակցությունը
Փոլ Ուայթհեդի արվեստի և Genesis խմբի երաժշտության սիներգիան ամրապնդվեց, և հենց այս կետից մեկնարկեց նրանց համագործակցության ծաղկումը։ Ուայթհեդի պատրաստակամությունը՝ փորձարկելու նոր նյութեր և տեխնիկաներ (օրինակ՝ բառացիորեն դանակ օգտագործել՝ կտավը պատռելու համար), կատարելապես լրացնում էր Genesis-ի յուրօրինակ երաժշտությունը, որի հետ միասին ալբոմի շապիկը դարձավ ալբոմի պատմության անբաժանելի մասը։Ինչպես Genesis-ը ձգտում էր կոտրել ավանդական երաժշտական ձևերն ու կառուցվածքները, այնպես էլ Ուայթհեդի արվեստը մերժում էր ավանդական պատկերային, բարոյական և տեխնիկական սահմանները։ Խմբի և նկարչի համագործակցությունը դուրս է եկել ալբոմի շապիկի դիզայնի շրջանակից՝ դառնալով պատմվածքի լիիրավ մաս։ Պատռվածքը, հովվական միջավայրը և դրա խզումը տեսողականորեն և խորհրդանշորեն ամփոփում են “Trespass”-ի էությունը՝ ընդգծելով երկվության, հակամարտության և անմեղության խախտման թեմաները։
Ամփոփում
“Trespass” ալբոմի շապիկի համար Փոլ Ուայթհեդի ստեղծած գեղարվեստական ստեղծագործությունը փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է տեսողական պատմությունը խորացնել ալբոմի հուզական և գաղափարական ազդեցությունը։ Հովվական բնապատկերի խաղաղ գեղեցկությունը բռնի կերպով խզվում է պատռվածքով՝ դառնալով հզոր փոխաբերություն բռնության, հեղափոխության և սահմանների խախտման թեմաների համար։ Հանգստության և քաոսի միջև բախումն արտացոլվում է ոչ միայն երաժշտության, այլև նկարչության մեջ՝ ձևավորելով ներդաշնակ գեղարվեստական արտահայտություն, որը մնում է լսողի հետ անգամ երաժշտության ավարտից հետո։Շապիկի և ալբոմի ներքին աշխարհի սերտ միավորումը Ուայթհեդի և Genesis-ի համագործակցության արդյունքում “Trespass”-ը վերածեց պրոգրեսիվ ռոքի որոշիչ ստեղծագործության։

NURSERY CRYME
Գլուխգործոց, որը միավորում է երաժշտությունը, վիկտորիական պատմությունը և արվեստը
Genesis-ի “Nursery Cryme” ալբոմը, որը թողարկվել է 1971 թվականին, վիկտորիական դարաշրջանից ոգեշնչված թեմաների հիշարժան վերարծարծում է, որտեղ երաժշտությունը, պատմությունը և ալբոմի ուայթհեդյան տպավորիչ շապիկը միահյուսվում են: Ալբոմը համատեղում է խաղային մեղեդիներ և բարդ պատմություններ՝ ստեղծելով մի փորձառություն, որն ունկնդիրներին տեղափոխում է սյուրռեալիստական, բայց միևնույն ժամանակ խորապես հուզական աշխարհ՝ վառ պատմական համատեքստով: Փիթեր Գաբրիելի թատերական պատմությունների և Փոլ Ուայթհեդի տեսողական արվեստի համագործակցությունը այս ալբոմը վերածում է հարթակի, որտեղ հատվում են արվեստի բազմաթիվ ձևեր:
Ալբոմի շապիկը. Փոլ Ուայթհեդի վիկտորիական տեսլականը
Փոլ Ուայթհեդը ալբոմի շապիկի համար ոգեշնչվել է “The Musical Box”-ից՝ բացող երգից: Լսելով երգի պատմությունը՝ նա պատկերացրել է բուժքույր Սինթիային, որը կարևոր դեր է խաղում վիկտորիական զգացողությունները սյուրռեալիստական պատկերների հետ համատեղող այս պատմության մեջ: Շապիկը պատկերում է Սինթիային երազային բնապատկերի մեջ՝ ստեղծելով անմեղության և խավարի խորհրդավոր համադրություն: Ուայթհեդի որոշումը՝ կտավը մեղրով լաքապատելու միջոցով հնացած էֆեկտ ստանալու համար գեղարվեստական ստեղծագործությունը նմանեցնել 19-րդ դարի նկարի, ավելի է կապում տեսողական գեղագիտությունը ալբոմի թեմաների հետ։
Բառապատկերման արվեստը “Nursery Cryme”-ում
1. The Musical Box
Ալբոմը սկսվում է “The Musical Box” երգով՝ անմեղության, ցանկության և արագ ծերացման սարսափելի պատմությամբ։ Երգը պատմում է Հենրիի՝ մի երիտասարդ տղայի կերպարանափոխության մասին. մարմինը սկսում է անվերահսկելիորեն ծերանալ, երբ նրա բուժքույրը՝ Սինթիան, բացում է խորհրդավոր երաժշտական տուփ։ Պատմության շարունակությունը ժամանակի ընթացքի և ճնշված ցանկության կործանարար հետևանքների մասին սրտառուչ անդրադարձ է։ Բառապատկերման առումով երգն օգտագործում է երաժշտական և քնարական հնարքներ՝ պատմության թեմաներն արտացոլելու համար։
• “But the clock tick tock” – Ժամացույցի տկտկոցը փոխանցվում է ռիթմիկ զարդարանքով, որը նմանակում է ժամանակի ընթացքին՝ ընդգծելով Հենրիի ծերացման անխնա ու անշրջելի բնույթը։
• “And I want, and I feel, and I know, and I touch her warmth” – “I want”-ի կրկնությունը և երաժշտության մեջ հրատապության զգացումը խորհրդանշում են Հենրիի արթնացող ցանկությունները, քանի որ նրա մարմինն արագորեն անցնում է տասնամյակներով՝ և՛ ֆիզիկապես, և՛ զգացմունքային առումով։
• “Let me know your flesh” – Երգչի ձայնի և գործիքավորման ուժգնության աճը ընդգծում է Հենրիի հուսահատությունը, երբ նա բախվում է իր գերուժեղ ֆիզիկական փոխակերպմանը և մտերմության կարիքին։
Երաժշտական առումով երգը սկսվում է մեղմորեն՝ հիշեցնելով հովվերգական տեսարան, բայց պատմության զարգացմանը զուգընթաց այն աստիճանաբար աճում է լարվածությամբ և բարդությամբ։ «Ծեր թագավոր Քոուլ» մանկական ոտանավորի ներառումը ստեղծում է սարսափելի մթնոլորտ՝ ազդարարելով քաոսի մեջ Հենրիի ընկնելը։ Դրամատիկ կիթառային մենանվագներն արձագանքում են ծերացման պարուրաձև խառնաշփոթին, իսկ եզրափակիչ տողը՝ «Ես այնքան երկար եմ սպասել այստեղ», ուժեղացնում է Հենրիի արագացված կյանքի հոգեբանական ծանրությունը։
2. The Return of the Giant Hogweed
Այս երգը պատմում է Միացյալ Թագավորություն հսկա քեղի (բույսի տեսակ) ներխուժման մասին, որը մարդկության կողմից բնության անզգույշ խաթարման այլաբանություն է։ Երգը սկսվում է հպարտ, վճռական տոնով, որը պատկերում է մարդկության ջանքերը բույսի դեմ պայքարելու համար: Սակայն տոնը փոխվում է վախի, քանի որ քեղն անպարտելի է դառնում: Այստեղ բառապատկերման տեխնիկան կարելի է տեսնել հետևյալ կերպ։
• Կամուրջը, որը սկսվում է G ակորդով, առաջացնում է մտորումների և հանգստության զգացողություն։ Այս երաժշտական դադարն ավելացնում է խորություն բառերին՝ ընդգծելով այդ հսկա բույսի հայտնվելու պարբերական բնույթը և դրա կործանարար հետևանքները։ Կամուրջի ավարտին դեպի տոնիկան վերադարձը “…brought it home” բառերով արտահայտում է մարդկության գործողությունների վերադարձը շարունակական պայքարին ու դրա անվերջ հետևանքներին։
• “Giant Hogweed lives!” – Այս վանկարկմանն ուղեկցում է երաժշտական բարձրակետ՝ ընդգծելով բույսի գերակշռության անխուսափելիությունը, ինչպես նաև բառերի մեջ աճող լարվածությունը։
Կամուրջը, որը տեղափոխվում է G ակորդ, ստեղծում է մտորումների և հանգստության զգացողություն: Այս երաժշտական դադարը խորություն է հաղորդում տեքստին՝ ընդգծելով քեղի ժամանման պարբերական բնույթը և դրա ավերիչ հետևանքները: Վերջում տոնիկային վերադառնալն արտացոլում է մարդկության գործողությունների շարունակական պայքարը և դրա անվերջ հետևանքները։
3. Harold the Barrel
«Տակառ Հարոլդը» երգիծական, բայց ողբերգական երգ է, որը պատմում է ֆինանսական անկման և հասարակության մերժման պատճառով հուսահատության հասցված Հարոլդի մասին։ Երաժշտությունն անկանոն տատանվում է՝ արտացոլելով Հարոլդի անկայուն հուզական վիճակը, իսկ վերջում հանգստությունը ենթադրում է նրա ողբերգական որոշման լուռ և վերջնական ավարտը։ Այս երգում բառապատկերումը հատկապես ցայտուն է։
• “Take a running jump” – Երաժշտությունը դանդաղում և մեղմանում է, երբ Հարոլդի վախճանը մոտենում է՝ արտացոլելով նրա անկումը։ Երաժշտության մեջ քաոսային տատանումները խորհրդանշում են Հարոլդի հուզական խառնաշփոթը անխուսափելի ավարտից առաջ։
4. The Fountain of Salmacis
Հունական դիցաբանության մեջ խոր արմատներ ունեցող «Սալմակիսի աղբյուրը» ներկայացնում է հավերժահարս Սալմակիսի և Հերմաֆրոդիտոսի միության պատմությունը: Այս երգը հարուստ է վառ պատկերներով, և բառային պատկերավորման հնարքները կարևոր դեր են խաղում այս առասպելական տեսարանները կենդանացնելու գործում:
• “Shimmering lake” – Վոկալը սկսում է «փայլել»՝ ստեղծելով մթնոլորտ, որում երևում է լճի գեղեցկությունը:
• “Waters are disturbed” – Երաժշտության ուժգնացմանը զուգընթաց ջրի խռովությունը խորհրդանշվում է բարձրացող կրեշչենդոյով, որն արտացոլում է առասպելական կերպարանափոխության խառնաշփոթը:
• “Unearthly calm descended from the sky” – Իջնող խաղաղ խմբերգը ցույց է տալիս պատմության խաղաղ հանգուցալուծումը՝ խորհրդանշելով Սալմակիսի և Հերմաֆրոդիտոսի միությունը:
• “A fading voice was heard” – Երբ կերպարանափոխությունն ավարտվում է, վոկալը մարում է՝ արտացոլելով երկու կերպարների միաձուլումը մեկ էակի մեջ: “The Fountain of Salmacis” երգում բառապատկերումն ուժեղացնում է պատմվածքի հուզական ազդեցությունը և ընդգծում առասպելական պատկերները՝ երաժշտության և վոկալի միջոցով, որոնք էլ առաջ են բերում ալբոմի պատումի զգայական ընկալումը։
Ամփոփում
”Nursery Cryme”-ը աննախադեպ համագործակցության երկրորդ պտուղն էր, գլուխգործոց, որը ցույց է տալիս պրոգրեսիվ ռոքի ներուժը՝ միավորելու պատմությունը, երաժշտությունը և արվեստը նոր տեսլականի մեջ։ Ալբոմի ողջ ընթացքում բառանկարչության օգտագործումը հարստացնում է բառերի բովանդակությունը՝ ունկնդիրներին առաջարկելով բոլորովին նոր, ընկղմվող փորձառություն։ Իր վիկտորիական ենթատեքստերով, սյուրռեալիստական պատմողականությամբ և բարդ կոմպոզիցիաներով Genesis-ը ստեղծել է մի ալբոմ, որը ոչ միայն սահմանում է ժանրը, այլև առաջարկում հուզական և լսողական ճանապարհորդություն, որը գրավում է երևակայությունը։ Փոլ Ուայթհեդի հուզիչ գեղարվեստական ստեղծագործությունը լսողին ավելի է կապում այս աշխարհի հետ՝ “Nursery Cryme”-ը դարձնելով արվեստի վերժամանակյա գործ։

FOXTROT
Փոլ Ուայթհեդի և Genesis-ի վերջին համագործակցությունը “Foxtrot’’ ալբոմի շապիկի վրա էր, որը նշանակալի դեր խաղաց և՛ խմբի, և՛ պրոգրեսիվ ռոքի տեսողական պատմության մեջ՝ ցուցադրելով հումորի, սիմվոլիզմի և թեմատիկ խորության համադրություն: 1972 թվականին թողարկված “Foxtrot” ալբոմը նշանավորեց Genesis-ի երաժշտական զարգացման ևս մեկ կարևոր փուլ, երբ խումբն ավելի զարգացրեց բարդ երաժշտական թեմաներն ու փորձարարական հնչյունները: Ուայթհեդի պաշտամունքային նկարազարդումը կատարելապես ցույց է տալիս ալբոմի քմահաճ, բայց մռայլ երանգները՝ ավելացնելով խորության շերտ, որը բարելավեց խմբի կերպարը: Ստորև կուսումնասիրենք Ուայթհեդի գեղարվեստական հնարքների հիմնական տարրերը և Foxtrot-ի շապիկի մեջ ներառված թեմաները՝ բացահայտելով երգերի տեքստերում թաքնված խոր իմաստներն ու ակնարկները:
Հայեցակարգային հիմք. թեմաներ և խաղացկոտություն
“Foxtrot”-ի շապիկի ստեղծման գործում Փոլ Ուայթհեդը ոգեշնչվել է Genesis-ի ամենահավակնոտ, բարդ և իսկապես հետաքրքիր երգերից մեկից՝ “Supper's Ready”-ից, որը 23 րոպեանոց և 7-մասանոց էպիկական ստեղծագործություն է։ Այն ներառում է աշխարհավերջյան թեմաներ և սկզբից մինչև վերջ շարունակում է զարգանալ: Մինչ երգը ներկայացնում է մարդկության կործանման և վերականգնման գաղափարը, Ուայթհեդը ձգտել է հավասարակշռել այս մութ տարրերը մի փոքր զավեշտով և սյուրռեալիզմով, որը բնորոշ է Genesis-ի վաղ տեսողական ոճին: Նրա գաղափարն էր արտացոլել ալբոմի երաժշտության ինչպես բարդությունը, այնպես էլ խաղացկոտությունը: Ուայթհեդի կարմրազգեստ աղվեսը, որը շապիկի կենտրոնական կերպարն է, մարմնավորում է հումորի և լրջության խառնուրդ: Աղվեսը ներկայացնում է “Supper’s Ready”-ի գլխավոր հերոսի խորամանկ գոյատևումը և ակնարկում է ամերիկյան ժարգոնում գրավիչ կին նշանակող «աղվես» բառին՝ սրանով մշակութային ենթաշերտ ավելացնելով տեսողական պատմությանը: Կարմիր զգեստով աղվես օգտագործելու Ուայթհեդի որոշումը նույնպես ազդվել է փոփ մշակույթից, մասնավորապես Ջիմի Հենդրիքսի “Foxy Lady” երգից, որն է՛լ ավելի է կապել շապիկի տեսողական տարրերն այդ դարաշրջանի մշակութային լանդշաֆտին: Աղվեսը, որը փախչում է որսորդներից սառցադաշտի վրա, խորհրդանշում է խաբեբա կերպար՝ թեմա, որը սերտորեն կապված է “Supper’s Ready”-ի հետ, որի հիմնական մոտիվներն են գոյատևումը և աշխարհավերջյան կործանումից փախուստը:
Հայտնության գրքի չորս հեծյալները. աշխարհավերջյան պատկերներ
Շապիկի ակնառու տեսողական տարրը, որը պատկերված է նկարի ձախ կողմում, Հովհաննեսի Հայտնության գրքի չորս հեծյալների ուայթհեդյան ազատ մեկնաբանությունն է: Յուրաքանչյուր հեծյալ առանձնանում է իրեն հատուկ գծերով, որոնք համապատասխանում են “Supper’s Ready”-ի ընդհանուր տրամադրությանը և ընդհանրապես Genesis-ի ստեղծագործություններին բնորոշ աշխարհավերջյան պատկերներին: Սպիտակ հեծյալը, որն ավանդաբար կապվում է մահվան հետ, պատկերված է լաց լինելիս, հնարավոր է՝ արտացոլելով մելամաղձության կամ զղջման զգացում: Սարսափազդու կերպարն այսպես տխուր ներկայացնելը մարդկային երանգ է հաղորդում կործանման ավելի լայն թեմային: Մյուս հեծյալները պատկերված են աղվեսին հետապնդելիս՝ ընդգծելով շապիկի դրամատիկությունը, որն ուղղակիորեն կապված է գոյատևման գաղափարի հետ: Շապիկի այս հատվածը հզոր տեսողական համարժեք է երգի աշխարհավերջյան հակամարտության թեմաներին՝ խորհրդանշելով կյանքի և ոչնչացման միջև պայքարը:
Հումորային թաքնված մանրամասներ
Ինչպես բնորոշ է Ուայթհեդի ոճին, “Foxtrot”-ի շապիկը նաև պարունակում է թաքնված տարրեր, որոնք նախատեսված են սպասումները տապալելու և կատակերգային տարր ավելացնելու համար: Այդպիսի մանրուքներից մեկը չորրորդ ձիավորի «հուզմունքն» է, որի «ոգևորությունը», երբ նա մոտենում է աղվեսին, զավեշտորեն չափազանցված է։ Սա ցույց է տալիս Ուայթհեդի՝ իր աշխատանքներում խորամանկ, հաճախ անբարո մանրամասներ ներմուծելու հակումը, որը դիտողին ստիպում է ավելի խորությամբ ուսումնասիրել նկարը, որն ամեն անգամ դիտելիս նոր մանրամասներ ես հայտնաբերում։
Թեմատիկ հղումներ “Supper's Ready”-ին և նախորդ աշխատանքներին
Ուայթհեդի դիզայնը խորապես կապված է “Supper's Ready”-ի տեքստի հետ, մասնավորապես “six saintly shrouded men, move across the lawn slowly” տողի, որը նա տեսողականորեն ներկայացրել է շապիկին (ալբոմում բառապատկերման բազմաթիվ օրինակներից մեկը): Երգում սրբերին հղումը, զուգորդված աղվեսի փախուստի սյուրռեալիստական պատկերման հետ, ամրապնդում է ալբոմի պատումի և դրա տեսողական համարժեքի միջև կապը: Ավելին` Ուայթհեդը հնարամտորեն տեսողական հղում է կատարել Genesis-ի նախորդ ալբոմին՝ “Nursery Cryme”-ին՝ խորապատկերին տեղադրելով կրոկետի տեսարան: Սա ոչ միայն ստեղծում է շարունակականություն երկու ալբոմների միջև, այլև շարունակում բրիտանական բարձր հասարակությանն առնչվող թեմայի արծարծումը, որը կրկնվող մոտիվ է Genesis-ի վաղ աշխատանքներում: Աղվեսի որսի՝ ազնվականների զվարճանքի, և աղվեսի հումորային փախուստի համադրությունը ծառայում է որպես վերին դասի քննադատություն, թեմա, որն արտացոլված է “Nursery Cryme”-ի շապիկում կրոկետ խաղի պատկերման մեջ:
Քաղաքական և բնապահպանական մեկնաբանություններ
Իր խորհրդանշական և պատմողական թեմաներից բացի՝ “Foxtrot”-ի շապիկը պարունակում է նաև նուրբ քաղաքական և բնապահպանական ակնարկներ: Ուայթհեդը վերին աջ անկյունում ներառել է ԱՄՆ միջուկային սուզանավ՝ հղում անելով ժամանակի լարված քաղաքական մթնոլորտին: ԱՄՆ ռազմածովային նավատորմերի առկայությունը Շոտլանդիայի ափերի մոտ վիճելի հարց էր, քանի որ ԱՄՆ-ն Սառը պատերազմի ժամանակ միջուկային սուզանավեր էր պահում Խորհրդային Միության մոտակայքում: Ջրում բարձրացող դելֆիններն ու ձկները ներկայացնում են աճող բնապահպանական մտահոգությունները՝ խորհրդանշելով աղտոտվածության ազդեցությունը ծովային կյանքի վրա: Ուայթհեդի կողմից այս տարրերի ներառումը արտացոլում է ժամանակի ավելի լայն հասարակական անհանգստությունները, մասնավորապես՝ միջուկային զենքի և էկոլոգիական քայքայման վերաբերյալ: Բացի դրանից, գլուխն ավազի մեջ թաղված կերպարը նրբորեն քննադատում է երաժշտական արդյունաբերության անկարողությունը՝ ճանաչելու պրոգրեսիվ ռոքի և երաժշտության սահմաններն ընդլայնող արտիստների, այդ թվում՝ Genesis-ի և նրա գործակիցների կարևորությունը:
Անձնական և հումորային մանրամասներ
Ուայթհեդը, որը հայտնի է իր ստեղծագործություններին անձնական շեշտադրումներ ավելացնելով, ներառել է մի քանի հումորային մանրամասներ, որոնք արտացոլում են խմբի կյանքն ու փորձը: Այդպիսի տարրերից մեկը ավազի վրա հեծանվորդի պատկերումն է, որը խաղային հղում է Փիթեր Գաբրիելի անկայուն հեծանվային հմտություններին: Հետին պլանում Holiday Inn-ի ոճով հյուրանոցի ներառումը ծառայում է որպես ակնարկ խմբի անխուսափելի փառքի վերելքին և անվերջ շրջագայություններին, որոնք շուտով կդառնան նրանց կարիերայի անբաժան մաս։
Համագործակցության ընթացքը և ժառանգությունը
Փոլ Ուայթհեդի աշխատանքը “Foxtrot”-ի շապիկի վրա նկարչի և Genesis-ի միջև սերտ համագործակցության վերջին պտուղն է: Ինչպես Ուայթհեդը պատմել է հարցազրույցներում, գործընթացը սկսվել է գաղափարների մտագրոհներով, որտեղ խումբը նրան տվել է ալբոմի մոտիվներն ու տեքստերը: Այնուհետև նա ներկայացրել է մատիտով ուրվագծեր և աշխատել խմբի հետ՝ շապիկի թեմատիկ ուղղվածությունը կատարելագործելու համար: Վերջնական յուղաներկը լավ արձագանքի է արժանացել խմբի կողմից՝ դառնալով Genesis-ի վաղ կարիերայի ևս մեկ կարևորագույն նվաճում: “Foxtrot”-ի շապիկը մնում է պրոգրեսիվ ռոք ժանրի պատմության մեջ ամենանշանակալի պատկերներից մեկը: Այն արտացոլում է Genesis-ի երաժշտության վիկտորիական, սյուրռեալիստական և երգիծական տարրերը՝ միաժամանակ անդրադառնալով 1970-ականների սկզբի սոցիալ-քաղաքական մթնոլորտին: Շապիկի բարդ պատկերավորությունը, կատակը և բազմաշերտ խորհրդաբանությունը այն դարձնում են ալբոմի շապիկի ակնառու օրինակ՝ ամուր դիրքերի վրա դնելով Ուայթհեդի՝ որպես պրոգրեսիվ ռոքի տեսողական ներկայացման կարևորագույն դեմքի արվեստը։

Commentaires