InstRock
2022–2023
«Ռոքեստր» ակումբի Battle for Evermore երաժշտախումբն իրականացրեց «InstRock» նախագիծը: Նախագծի նպատակը բացահայտելն է ռոքի հնչողության ներկապնակը, ավանդական և առանձնահատուկ գործիքների կիրառումը և գործիքավորման հնարամիտ եղանակները: Ակումբի անդամ աշակերտներն ուսումնասիրեցին ռոքում կիրառվող գործիքների և հնչյունների բազմազանությունը, գործիքավորման տարբեր տեխնիկաները, ինչպես նաև զարգացումն ու էվոլյուցիան: Այս ամենը ամփոփելով՝ ակումբը կազմեց համերգային ծրագիր և ելույթ ունեցավ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում:
«Երաժշտաքարտեզ»
2021–2022
«Ռոքեստր» ակումբի Battle for Evermore երաժշտախումբն իրականացրեց «Երաժշտաքարտեզ» նախագիծը։ Նախագծի նպատակն էր ըստ տարածաշրջանների բացահայտել համաշխարհային երաժշտության գաղտնիքները և փոխանցել դրանք հանդիսատեսին: Տարվա վերջում ակումբի անդամները կազմեցին համերգային ծրագիր, պայմանականորեն կատարեցին երաժշտական շուրջերկրյա ճանապարհորդություն, ներկայացնելով երգեր 15 տարբեր երկրներից, 11 տարբեր լեզուներով:
Made in Armenia
2020–2021
Նախագծի նպատակն էր հայ տաղանդավոր երաժիշտների և հայկական որակյալ երաժշտախմբերի բացահայտումը, լուսաբանումը, նրանց ստեղծագործությունների արխիվների ստեղծումը և, որպես արդյունք, այդ արվեստի ու դրա գաղտնիքների ներկայացումը լայն հանրությանը:
Որպես վերջնարդյունք՝ ակումբն ունեցավ համերգ՝ իր երաժշտախմբի և ուսումնասիրվող խմբերի ու անհատների մասնակցությամբ, ինչպես նաև Հայկական ռոք ասոցիացիայի հետ համագործակցությամբ ստեղծեց առցանց հարթակ՝ հայկական ռոքի արխիվների և թարմացումների համար:
80 ակՕրդ աշխարհի շուրջը
2019–2020
Արդյո՞ք այն ձայնային ալիքները, որ հասնում են մեր ականջին, արդեն երաժշտություն են:
Իրականում ձայնային ալիքի վերափոխումը երաժշտության՝ ուղեղի աշխատանք է: Իսկ ուղեղը պետք է որոշակի գործիքակազմ կիրառի, որ ականջի լսած ալիքները նշանակություն ձեռք բերեն: Առավել ևս՝ այնպիսի նշանակություն, որը հուզում է, ոգևորում, թևեր տալիս, հանգեցնում ինքնաճանաչողության բարձրագույն դրսևորումների: Այդ գործիքակազմի ամենաէական բաղադրիչներից է հարմոնիայի ընկալումը:
Այս ուսումնական տարի նախագծային ուսումնառության շրջանակում «Ռոքեստր» ակումբը հարմոնիայի մասին ուսումնասիրությունները ներկայացրեց ներբեռնելի հաղորդաշարի՝ փոդքաստների շարքի միջոցով (15 թողարկում): «Ռոքեստր» ակումբն իր այս հաղորդաշարով բացատրեց հարմոնիկ լեզվի տարբեր յուրահատկությունները և դրանց դերը երաժշտական ստեղծագործությունների ընկալման և արժևորման մեջ՝ օգտագործելով օրինակներ համաշխարհային երաժշտության ժառանգությունից:
Լռության ձայները
2018–2019
Անհնար է պատկերացնել կյանքն առանց երաժշտության։ «Այբ» դպրոցի «Ռոքեստր» ակումբի սաները պատրաստեցին համերգային ծրագիր, որի ընթացքում ներկայացրին երաժշտական տարբեր ոճերի զարգացումը վաղ միջնադարից մինչև մեր օրեր: Երգացանկը կազմվել է տվյալ ժամանակաշրջանի գաղափարական և գեղագիտական միտումներն արտահայտող ստեղծագործություններից: Բացի քիչ թե շատ հանրահայտ ստեղծագործություններից՝ նրանք ներկայացրին համերգի լեյտմոտիվ-մեղեդի, որը պարբերաբար հայտնվել է խմբի անդամների հեղինակային մշակումներով՝ տարբեր ոճերում, տարբեր գործիքավորումներով և տարբեր ժամանակաշրջաններին հատուկ գեղարվեստական հնարքների օգտագործմամբ: