top of page

The Fairy Feller's Master-Stroke: Նկար, պոեմ, երգ

  • Writer: Rockestre - Battle of Evermore
    Rockestre - Battle of Evermore
  • 6 days ago
  • 4 min read

Արվեստի պատմության մեջ քիչ են այն ստեղծագործությունները, որոնք միահյուսում են միանգամից երեք արվեստի ճյուղ։ Ռիչարդ Դադի “The Fairy Feller’s Master-Stroke” կտավը, նրա նույնանուն բանաստեղծությունը և Queen խմբի երգիչ-երգահան Ֆրեդի Մերկուրիի գրած համանուն երգը ստեղծում են մի եզակի եռյակ, որտեղ երեք տարբեր արվեստներ՝ կերպարվեստ, պոեզիա և ռոք երաժշտություն, միահյուսվում են ու վերածվում մեկ ամբողջական աշխարհի։ Այս ստեղծագործությունները, որոնց ծագման կորիզը հոգեկան հիվանդության ազդեցությամբ գործող նկարչի անհագ երևակայությունն է, մեկնում են նույն պատկերը՝ ժամանակից դուրս կախարդական տեսարան, որը կարող է կարդացվել, դիտվել և լսվել միաժամանակ։

Ռիչարդ Դադ - ”The Fairy Feller’s Master-Stroke”
Ռիչարդ Դադ - ”The Fairy Feller’s Master-Stroke”

Ռիչարդ Դադը սկսել է նկարել ”The Fairy Feller’s Master-Stroke”-ը 1855-ին, երբ արդեն փակված էր Բեթլեմի հոգեբուժարանում՝ իր հորը սպանելուց հետո։ Նա աշխատել է նկարի վրա ինը տարի, մանրակրկիտ ու մոլագար նվիրվածությամբ՝ ստեղծելով մի կոմպոզիցիա, որտեղ լցված են տասնյակ ֆանտաստիկ կերպարներ՝ դասավորված փոքրիկ բեմի նմանվող միջավայրում, որտեղ կերպարները պատրաստվում են ինչ-որ թատերական իրադարձության։ Կտավը կենտրոնանում է մի առասպելական ոգու՝ փայտահատի վրա, որը կանգնած է հսկայական շագանակի դիմաց և կացինը բարձրացրել է ճակատագրական հարվածի պատրաստակամությամբ։ Բայց այս գործողությունը երբեք տեղի չի ունենում. կտավը կարծես «սառեցնում» է պահը, մինչ բոլոր կերպարները՝ աղջիկներ, թզուկներ, զինվորներ, նավաստիներ, սիրահարներ, թագավորական զույգ՝ Օբերոնն ու Տիտանիան, և այլ հերոսներ ուշադիր հետևում են այդ ակնթարթին։

Փերի Փայտահատը` շագանակի դիմաց։
Փերի Փայտահատը` շագանակի դիմաց։

Նկարը հասկանալի դարձնելու նպատակով Դադը գրել է բանաստեղծություն՝ “Elimination of a Picture & its Subject – called The Feller’s Master Stroke”, որտեղ մանրամասնորեն նկարագրվում են կերպարներն ու նրանց վարքագծերը, սակայն միաժամանակ նկարի մեկնաբանությունը մնում է խճճված, կիսավերացական և ոչ լիարժեք։ Բանաստեղծության մեջ գրված է.


  ‘See – ’tis fay woodman holds aloft the axe

 Whose double edge virtue now they tax

 To do it single & make single double

 Teatly and neatly – equal without trouble’


Այս տողերում, ինչպես և նկարում, ընդգծվում է կախարդական գործողության՝ հարվածի կարևորությունը, որը միաժամանակ տոգորված է ստեղծարարությամբ և կործանմամբ։ Կացինը խորհրդանշում է ստեղծագործական վճռականությունը, բայց նաև վտանգը։ Այդ դրվագը, ինչպես և ամբողջ բանաստեղծությունը, լի է բազմիմաստությամբ. ո՞րն է նպատակը, ի՞նչ է սպասվում, ի՞նչ կարող է փոխվել հարվածից հետո։


Այս սյուրռեալ թատերական տեսարանից հմայված՝ Ֆրեդի Մերկուրին՝ արվեստի և գրականության սիրահար, գրում է “The Fairy Feller’s Master-Stroke երգը, որն ընդգրկվում է խմբի երկրորդ՝ Queen II (1974) ալբոմում։ Երգը անսովոր կառուցվածք ունի. չկա ավանդական տուն–կրկներգ հերթափոխ, կան արագ տեմպային և ռիթմիկ փոփոխություններ, բարոկկո ոճով հնչող կլավեսինի մեղեդիները հպարտորեն միահյուսվում են հարվածային ռոք ռիթմերի հետ։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Մերկուրին բառացիորեն երգում է Դադի նկարում և բանաստեղծության մեջ հիշատակված կերպարների մասին։ Նա երգում է.

‘Ploughman, ‘Waggoner Will’ and types

Politician with senatorial pipe’


Այս կերպարները վերցված են Դադի բանաստեղծությունից, որտեղ գրված է.


‘The ploughman that is standing to him near

Shews him a coat neat made and very strong’                                                                               


իսկ մեկ այլ հատվածում նշվում է.

‘The Politician next, with senatorial pipe

For argument or his opinion ripe’


Մերկուրին պահպանում է ոչ միայն կերպարները, այլ նաև դրանց շունչն ու հեգնական երանգը։


Երգում հանդիպում է նաև ”What a quaere fellow!” արտահայտությունը, որը քննադատները թյուրըմբռնմամբ կապել են Մերկուրիի սեռական կողմնորոշման հետ։ Սակայն խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորն այս տեսակետը կտրուկ մերժել է։ Լատիներեն quaere-ն այստեղ նշանակում է պարզապես «տարօրինակ» կամ «հարցական», ինչը նաև համապատասխանում է Դադի գեղարվեստական ձեռագրին՝ լի տարօրինակ ու խռովարար կերպարներով։ Դադի բանաստեղծության բնապատկերներում ևս կան ֆիզիկապես արտասովոր էակներ, օրինակ՝ այս հատվածում.


‘A fairy conjuror he who knows a trick

Or two at cards and in the nick –

Of time, can well deceive’


Երգի երաժշտական կառուցվածքն արտացոլում է նկարի կառուցվածքը՝ նույն խտությունը, նույն անորոշ կենտրոնականությունը, նույն ռիթմիկ խառնաշփոթը, որը պատկերավորում է կտավի կերպարների շարժումները։ Կլավեսինի ձայնը միջնադարյան, պալատական շունչ է հաղորդում, շեշտելով կերպարների պատանելիությունը այլ տարածքի և ժամանակի: Վոկալ գծերը շերտավորված են՝ բազմաձայն, ինչպես որ Դադի տեսարանն է՝ շերտ առ շերտ կերպարներով հագեցած։


Ի տարբերություն նկարների, որոնք բացատրում են գույնով ու ձևով, կամ բանաստեղծությունների, որոնք թելադրում են ուղիղ իմաստային շարան, Մերկուրին ստեղծում է երաժշտական միջավայր, որտեղ նշանակությունները, ակնարկներն ու կերպարները հնչում են միմյանց բախվելով, ինչպես Դադի կերպարները բախվում են տեսարանում՝ առանց կոնկրետ գործողության։


Հատկանշական է, որ թե՛ նկարը, թե՛ բանաստեղծությունը և թե՛ երգը ավարտ չունեն իրական իմաստով։ Նկարը, ինչպես ընդունված է արվեստաբանական շրջանակներում, մնում է անավարտ. Դադը երբեք չի ավարտում վերջին շերտերը. ֆոնի որոշ հատվածներ դատարկ են։ Բանաստեղծությունն ավարտվում է բողոքով.


‘For nought as nothing it explains

And nothing from nothing nothing gains’


Իսկ երգը հանկարծակի ավարտվում է առանց կրկներգի կամ եզրափակիչ հնչերանգի՝ կարծես կախվելով պահի մեջ, ինչպես կացինը, որը երբեք չի հարվածում։ Սա բոլոր երեք ստեղծագործություններում տարրական գեղագիտական լուծում չէ, այլ միավորում է հիմնական գաղափարական առանցքը՝ անորոշության կախարդանք, գործողության հավերժ սպասում։


“The Fairy Feller’s Master-Stroke”-ը միակ դեպքն է Queen-ի կարիերայի ընթացքում, որտեղ ամբողջ երգը հիմնված է մեկ տեսողական և գրական աղբյուրի վրա։ Եվ սա ոչ միայն հարգանքի տուրք է Դադին, այլև նրա աշխարհի շարունակությունը՝ ստեղծելով մի հարթություն, որտեղ Դադի կերպարները հնչում են, իսկ Մերկուրիի մեղեդիները՝ ստանում պատկերային մարմին։


Այս երեք ստեղծագործություններն իրենց խելահեղ առանձնահատկություններով միասնաբար ստեղծում են մի ամբողջական աշխարհ, որտեղ երաժշտությունը կարող է նկարվել, բանաստեղծությունը՝ երգվել, իսկ նկարը՝ գրվել։ Ինչպես Դադն է գրել.


‘To fix some dubious point to fairies only

Known to exist, or to the lonely

Thoughtful man recluse’


 Այդ «մենակ մտածող մարդը» կարող էր լինել հենց ինքը՝ Դադը, կամ գուցե Ֆրեդի Մերկուրին։ Բայց նրանց արվեստը խոսում է այնպիսի լսարանի հետ, որը պատրաստ է տեսնելու և լսելու այն, ինչը սովորական դիտողն ու ունկնդիրը կարող են չնկատել։ Եվ հենց այդտեղ էլ հայտնվում է այդ վարպետ հարվածը՝ ոչ թե կացինով, այլ ստեղծագործական երևակայությամբ։


Հեղինակ` Էրիկ Պետրոսյան
Հեղինակ` Էրիկ Պետրոսյան

2 comentarios


khachatryanastghik153
5 days ago

Չափազանց հետաքրքիր հոդված!!!

Me gusta
Erik Petrosyan
Erik Petrosyan
5 days ago
Contestando a

Շնորհակալություն


Me gusta
bottom of page