top of page

Կտավից` նոտաներ․ արվեստի վերամարմնավորումը դարերի ընթացքում

  • Writer: Rockestre - Battle of Evermore
    Rockestre - Battle of Evermore
  • Jun 30
  • 6 min read

Updated: Jul 1

Արվեստի պատմության ընթացքում միշտ եղել են գործեր, որոնք գերազանցել են մարդկանց սպասելիքները՝ լինելով ավելի հետաքրքիր ու խոր, քան նույն ժամանակի այլ ստեղծագործություններ: 17-րդ դարում հոլանդացի Ռեմբրանդտ վան Ռեյնի նկարած “Nachtwacht” («Գիշերային պահակազոր») անունով հայտնի կտավը, և King Crimson խմբի` 1974 թվականի անգլերեն համանուն երգը (“The Night Watch”) առաջին հայացքից կարող են տարօրինակ զույգ թվալ: Մեկը քաղաքացիական պահակազորի կողմից պատվիրված յուղաներկ նկար է, իսկ մյուսը՝ բրիտանական էքսպերիմենտալ  պրոգրեսիվ ռոք բալլադ: Այնուամենայնիվ, երկու ստեղծագործություններն էլ, չնայած ձևի, դարաշրջանի և նպատակի տարբերություններին, ունեն շատ հետաքրքիր համադրություններ ու նմանություններ։ Դրանք լիովին հասկանալու համար պետք է դիտարկել ոչ միայն յուրաքանչյուր ստեղծագործությունն առանձին, այլ  նաև այն դարաշրջանը, որում դրանք աշխարհ են բերվել՝ Ռեմբրանդտի օրոք գերիշխող բարոկկո գեղարվեստական ոճի շրջանը և ռոք երաժշտության նորարարությունների և հեղափոխական գաղափարների 70-ականները, երբ գործում էր King Crimson-ը: 



Ռեմբրանդտ Հարմենսզոն վան Ռեյնը ծնվել է  Հոլանդիայում 1606 թվականին՝ այն ժամանակ, երբ Նիդեռլանդները վերածվում էր տնտեսական և մշակութային գերտերության: Նրա կյանքի տարիները համընկան հոլանդական ոսկեդարի և համաեվրոպական բարոկկոյի ծաղկման հետ, որն առանձնանում էր արտակարգ հարստությամբ, գիտության զարգացմամբ և վերափոխվող արվեստով: Բարոկկո շրջանի նկարիչները նկարում էին բարձր դինամիկայով, հույզերով լի, ճոխ և մանրամասն ոճով: Նկարները վերացական չէին, ռեալիստական ոճով էին արվում, լույսի ու մթության ուժեղ հակադրությամբ, ընդգծում էին կերպարների անհատականությունը: Այնուամենայնիվ, այս հարուստ և բազմատաղանդ դարաշրջանում Ռեմբրանդտը կարողացավ կերտել եզակի, յուրօրինակ ու չկրկնվող ձեռագիր և նոր մոտեցում: 1639-1642 թվականներին նկարված «Գիշերային պահակազոր»-ը այս դարաշրջանի գլխավոր նվաճումներից մեկն է:

 


Ավելի քան երեք դար անց՝ 1969 թվականին՝ լրիվ ուրիշ դարաշրջանում, և ուրիշ մտածելակերպով հասարակության մեջ ստեղծվեց King Crimson ռոք խումբը: Այդ ժամանակ ռոք երաժշտությունն արդեն սկսել էր մասնատվել նոր ուղղություններով՝ փսիխոդելիկ, հարդ ռոք, ֆոլկ, էքսպերիմենտալ։ King Crimson-ի կիթառահար Ռոբերտ Ֆրիփը, իր յուրահատուկ մտածողությամբ, որոշեց միացնել երաժշտական մի քանի ժանր՝ դասական ազդեցության, ջազային իմպրովիզացիայի, ծանր ռոքի և սյուրռեալիստական երաժշտության ալքիմիական խառնուրդ ստեղծելով։ Խմբի մեկնարկային՝ In the Court of the Crimson King ալբոմը հաճախ նշվում է որպես պրոգրեսիվ ռոքի առաջին իրական, ազդեցիկ, լիարժեք օրինակ։ Հաջորդող տարիներին անընդհատ փոփոխվող կազմը լուրջ մարտահրավեր էր խմբի համար, սակայն, երբ 1974 թ. խումբը թողարկեց Starless and Bible Black ալբոմը, որում ներկայացված էր նաև “The Night Watch” երգը, King Crimson-ն արդեն լիովին ձևավորել էր իր ձեռագիրը և կերտել իր ինքնությունը որպես պրոգրեսիվ ռոքում էքսպերիմենտալության արքա։

 

 Ձախից՝ բաս կիթառահար և վոկալիստ Ջոն Ուեթոն, ջութակահար Դեյվիդ Քրոս, կիթառահար Ռոբերտ Ֆրիփ և թմբկահար Բիլ Բրուֆորդ
 Ձախից՝ բաս կիթառահար և վոկալիստ Ջոն Ուեթոն, ջութակահար Դեյվիդ Քրոս, կիթառահար Ռոբերտ Ֆրիփ և թմբկահար Բիլ Բրուֆորդ

Կտավը. Ռեմբրանդտ, «Գիշերային պահակազոր»


Նախքան King Crimson-ի մասին խոսելը կարևոր է ավելի լրջորեն ու խորապես ըմբռնել «Գիշերային պահակազոր» կտավը։  Իրականում այն կոչվում էր «Կապիտան Ֆրանս Բանինգ Կոկի II վաշտի հրաձգային արշավը»։ Այս նկարում Ռեմբրանդտը մերժեց դեմքերի անշարժ ու կրկնվող դասավորությունը, որը բնորոշ էր նման խմբային դիմանկարներին։ Դրա փոխարեն նա ստեղծեց մի «կինեմատոգրաֆիական» պահ՝ տեսարան, որը լի էր գործողություններով, քաոսով և հույզերով։


Նկարի կենտրոնում կանգնած է կապիտան Ֆրանս Բանինգ Կոկը՝ սև հագուստով և կարմիր գոտիով, և ձեռքը բարձրացրած՝ հրահանգում է իր լեյտենանտին։ Կողքին հենց լեյտենանտն է՝ Վիլեմ վան Ռոյտենբուրխը, որը շքեղ, անմիջապես աչք գրավող կաթնագույն հագուստ է կրում: Այս զույգը կենտրոնական դիրք է զբաղեցնում կերպարների բազմության մեջ, սակայն հենց նրանց շրջապատող միջավայրն է կտավը դարձնում իսկապես հեղափոխական։ Աշխարհազորի մնացած անդամները շարժման մեջ են. մեկը լիցքավորում է իր զենքը, մյուսը թմբուկ է նվագում, մեկ ուրիշը դրոշն է բարձրացնում։ Իմ ամենասիրելի մասը. շունը հաչում է ներքևի աջ անկյունից՝ ամբոխի քաոսային աղմուկին հաղորդելով յուրատեսակ ռեալիզմ։



Ամենահետաքրքիր մասերից մեկը  հենց այդ ֆոնին պատկերված վազող աղջնակն է, որի ոսկեգույն փայլն առանձնանում է ստվերոտ գունապնակի մեջ։ Նրա գոտկատեղից կախված է սատկած հավ` մեծ ճանկերով, որոնք խորհրդանշում են նկարում պատկերված պահակազորը (այսպիսի պահակազորը հոլանդերեն կոչվում էր Kloveniers, իսկ թռչնի ճանկերը հոլանդերենում klawen են)։ Լույսն ու ստվերը դրամատիկորեն շարժվում են նկարի միջով՝ ընդգծելով նկարում տեղի ունեցող գործողությունը և միաժամանակ թույլ տալով, որ տեսարանի կեսն անհետանա մթության մեջ։


 Ի միջի այլոց, սկզբում ենթադրվում էր, որ նկարում գիշերային տեսարան է, սակայն հետագայում պարզվեց, որ իրականում ցերեկ է պատկերված, իսկ նկարի խավարը դարերի կեղտի արդյունք է։ Տարիների ընթացքում առասպելը մնաց, և նույնիսկ «Գիշերային պահակազոր» անվանումը, որով նկարը հայտնի է մինչ օրս, ենթադրում է, որ իրադարձությունները գիշերն են կատարվում։


Մի խոսքով՝ կտավը մի հրաշագործություն էր, որը չենթարկվեց արվեստի նորմերին ու կանոններին, և իր յուրօրինակությամբ դարձավ դարաշրջանի ամենահայտնի ու  հաջողակ կտավներից։ 

Կտավի վերածնունդը որպես այլ արվեստի տեսակ՝ King Crimson, “The Night Watch

“The Night Watch”-ը King Crimson-ի Starless And Bible Black ալբոմից է, որը նրանց 6-րդն էր (թողարկվել է 1974 թվականին)։ Երբ King Crimson-ը գրում էր “The Night Watch”-ը, չէր ստեղծում մի հասարակ երգ Ռեմբրանդտի նկարչության մասին, այլ լիովին վերաձևակերպում էր նկարչի գույները՝ դրանք դարձնելով ձայներ և երաժշտություն։ Մինչև վոկալի մուտքը՝ երգի մոտ 1 րոպե 20 վայրկյանը, լիովին քաոսային է, ինչպես կտավում պատկերված ամբոխը։ Բաս կիթառը, ջութակը, հարվածայինները, էլեկտրակիթառը միասին ստեղծում են չկառավարվող վիճակ, և խմբի երաժիշտները կարծես ավելի ազատ են նվագում, քանի որ նպատակը ոչ թե միահյուսված մեղեդային կամ հարմոնիկ ընթացքն է, այլ քաոսի տպավորություն ստանալը: Ռիչարդ Փալմեր-Ջեյմսի գրած տեքստում գծային պատմության փոխարեն երգը սահում է նկարի հուզական մասերի միջով, այն մասերի, որոնք դիպչում են մարդու հոգու խորքերին. «Փայլեցրո՛ւ, փայլեցրո՛ւ, բարի գործերի լույսը փայլեցրո՛ւ»։ Այսպես են սկսվում երգի բառերը՝ հղելով Ռեմբրանդտի վրձնի նկարած փայլին: Երգի ընթացքում երգչի բառերի դիտակետն անընդհատ փոփոխվում է. սկզբից խոսում է նկարին նայողը, հետո սահուն կերպով նայողը դառնում է հենց նկարիչը, իսկ երգի վերջում խոսում են նկարի հերոսները` այն հերոսները, որոնք անմահացել են նկարչի ձեռքով, դարձել պատմության անանց մի մաս։


Երգի ընթացքում գործիքավորումը  Crimson-ին բնորոշ ոճով է՝ հիմնականում մինորային ակորդներով ուղեկցվող մելամաղձոտ մեղեդի, երբեմն դիսոնանս, սակայն այնպիսի դիսոնանս, որ մարդու ականջին հաճելի է, որը սազում է երաժշտությանը։ Երգի հիմնական մասերում եռաձայն պոլիֆոնիա է հնչում։ Պետք չէ վախենալ այս բառակապակցությունից. ընդամենը նշանակում է, որ այս դեպքում բաս կիթառը, էլեկտրակիթառը և վոկալը ուրվագծում են երեք տարբեր մեղեդիներ՝ այդ ամենը միահյուսելով հարվածային գործիքների նվագակցությամբ և հիշեցնելով Ռեմբրանդտի վրձնի սահուն հյուսվածքները կտավի վրա։


Յուրահատուկ դեր է խաղում King Crimson-ի ձեռագրային այցեքարտ-գործիքը՝ մելոտրոնը, որն առանձնապես ակտիվ բնույթ չունի, բայց իր հեռավոր հանդարտ մելամաղձոտ ֆոնով կարծես արտացոլում է դարերի ընթացքում կտավին նստած փոշին և բազմաթիվ դիտորդների հայացքները:


Չնայած հանդարտ ընթացքին՝ երգը ներքին լարվածություն ունի, հատկապես կիթառի մենանվագով արտահայտված, սակայն ավարտվում է համեմատաբար ավելի հանգիստ, խոհուն եզրահանգումով, կարծես ամփոփելով այն ամենը, ինչ վերապրեցինք կտավին երաժշտական հայացք գցելով, և փոխանցելով նկարչի ժառանգությունը եկող դարերին:


Թեմատիկ զուգահեռներ


Այս երկու ստեղծագործություններում էլ թեմաները համընկնում են։ Կտավի միջի ամբոխը ցույց է տալիս անկառավարելի մարդկային անկայունությունն ու քաոսը, որը նկարում ուղղակի պատկեր է, ներկ։ Նկարված տղամարդիկ, որոնք մի ժամանակ հզոր էին իրենց շքեղ ու փայլուն զենք ու զրահով, այժմ ապրում են միայն ներկի ու վրձնի միջոցով. նրանց դեմքի արտահայտությունները, տրամադրությունը, հագուստը, զենքերը պահպանված են միմիայն նկարի միջոցով։ Սպիտակ շորով աղջնակը, ըստ իս, ներկայացնում է պատմության ուրվական՝ մի անկարևոր, չհիշվող էակ, որը կտավի վրա դարձել է առանցքային, փայլող արձագանք: Նմանապես, King Crimson-ի երգը պարզապես կտավի առաջացրած հիացմունքի մասին չէ, այլապես երգն այդքան խորհրդանշական չէր լինի։ Այն կտավի առաջացրած խոր ու փիլիսոփայական մտորումների մասին է։ Այն առաջացած մտքերի, որոնք մարդուն հասկանալ են տալիս, որ արվեստը թե՛ ամենակարևոր և թե՛ ամենաանկարևոր բանը դարձնում է պատմության մի մաս։ Վերջիվերջո վրձնի համար կարևոր չէ՝ դու ով ես, ինչ պաշտոնի ես, ինչ զրահ ունես, ոտաբոբիկ ես ու մերկ, թե թանկանոց զրահով ու թիկնոցով. այն ուղղակի քեզ դարձնելու է կտավի մի մասը, որը որպես սառած պատկեր մնալու է պատմության մեջ։[U1] 

Երգի հետևյալ տողերը՝

 

That golden light all grimy now,

Three hundred years have passed,

The worthy Captain and his squad

Of troopers standing fast

 

կամ՝

 

City fathers frozen there,

Upon the canvas dark with age,

 

խոսում են հենց այդ գաղափարների մասին՝ պատմության մեջ սառելու, կտավի մեջ դարեր շարունակ մնալու և փոշոտվելու։

 

“The burghers good and true / Still living through the painter's hands”

(«Քաղաքի լավ ու ազնիվ բնակիչները դեռ ապրում են նկարչի ձեռքով») բառերը խորհրդանշում են նկարի կերպարների՝ մահկանացու, բայց արվեստի անմահ լինելը։ Կերպարները, որ էլ չկան, միշտ կլինեն արվեստում, միշտ կլինեն այս կտավի մեջ, կյանքում չեն կորչի։


Կարդալով երգի բառերն այստեղ՝ ուշադրություն դարձրեք դիտակետերի փոփոխությանը։ Երգի առաջին և երկրորդ տներում խոսում է նկարի դիտորդը, երրորդ տան մեջ` նկարիչը, իսկ չորրորդում` նկարի հերոսները: Վերջաբանում նորից խոսում է դիտորդը, և դա շատ խորհրդանշական է. King Crimson-ի երաժիշտները փորձել են ցույց տալ, որ նկարին նայելիս պատմության միջով մի ամբողջ ճանապարհորդության մեջ եք ընկնում՝ հասնելով նկարչին, հետո նկարի մեջ պատկերված մարդկանց, հետո հետ գալով իրականություն։

 

Ամփոփում՝ համատեղելով երկու արվեստները և նրանց գաղափարները


Ռեմբրանդտը կտավում ապահովում է նկարի շարժումը անշարժության մեջ, իսկ King Crimson-ը նրան շարժում է հաղորդում երաժշտության միջոցով։


Այս երկու աշխատանքները միասին դիտարկելով՝ մարդը կհասկանա, որ «The Night Watch»-ն ավելին է, քան ուղղակի նկար կամ երգի վերնագիր։ Այն զգոնության փոխաբերություն է, պատմությունը մեր կողքով անցնելիս դիտարկելու գործողություն։ Ռեմբրանդտի նկարը սկսել է արվեստի այդ կտորը, իսկ King Crimson-ի երաժշտությունը հանդես է գալիս որպես դարերից փոխանցված ջահի էստաֆետը լուսավորում է այս հին նկարը խոր գաղափարներով, մտորումներով և մարդուն տեղիք է տալիս ամեն ինչի մասին մտածելու, խորապես հասկանալու և արվեստը գնահատելու, կյանքի ու արվեստի մասին ավելի լավ պատկերացում ունենալու։


Արվեստն ունի մի շատ տարօրինակ ուժ, որը պարզ է դառնում հենց այս օրինակով. այն կարող է երկար տարիներ մոռացվել և հանկարծակի հարություն առնել, վերածնվել նոր ձևերով, որոնք բնորոշ են ավելի նոր մարդկային մտածողությանը, նոր հասարակությանը և նոր դարաշրջանի յուրահատկություններին։ King Crimson-ը Ռեմբրանդտի կտավին ավելացրել է իր հոգին, և դա նույնպես կմնա պատմության մեջ որպես արվեստի մի փոքրիկ, բայց հիշվող կտոր։


Հեղինակ՝ Սարգիս Մկրտչյան
Հեղինակ՝ Սարգիս Մկրտչյան

Comments


bottom of page