Led Zeppelin-ը և Մանկության Ավարտը
- Rockestre - Battle of Evermore
- Jun 28
- 2 min read

Led Zeppelin խումբն այս հարցին պատասխանել էր դեռ 1973 թվականին, երբ թողարկեց իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ Houses of the Holy-ն։ Խումբը միանգամից որոշեց՝ ալբոմի շապիկին չպետք է լինի ո՛չ իրենց անունը, ո՛չ էլ ալբոմի վերնագիրը։ Led Zeppelin-ն ուզում էր, որ լսարանը զգա և ընկալի արվեստը մաքուր ձևով՝ առանց բառային ուղեցույցների։
Հենց այս ոգով էլ ստեղծվեց ալբոմ, որն այսօր համարվում է ռոք երաժշտության պատմության մի ամբողջական գլուխ։ Այն առանձնանում է նախորդ ալբոմներից ոչ միայն հնչողությամբ, այլև փորձարարական ոճով, գույներով և, իհարկե, խորհրդանշական շապիկով։
Houses of the Holy-ն բեկումնային պահ էր խմբի համար։ Մինչ այդ՝ առաջին չորս անանուն ալբոմներում, խումբն ամբողջությամբ ապրում էր ծանր բլյուզային և դասական ռոքի ազդեցության տակ։ Բայց այստեղ` այս նոր ալբոմում, խումբը բառացիորեն դուրս էր եկել իր սահմաններից։
Ալբոմը մի յուրահատուկ խառնուրդ է՝ հարդ ռոքի (Ocean), փսիխոդելիկ ռոքի (No Quarter), պրոգրեսսիվ ռոքի (The Rain Song), ֆոլկի (“Over the Hills and Far Away”) , ֆանկի (The Crunge) և նույնիսկ ռեգգիի (“D’yer Mak’er”) տարրերով։ Նման ոճային բազմազանություն հազվադեպ կարելի է գտնել մեկ ձայնագրության մեջ։ Եվ հենց այս երգերի ոճական տարբերություններն էլ ցույց են տալիս, թե ինչպիսի երաժշտական ազատություն ու համարձակություն ուներ խումբն այդ տարիներին։
Հիմա անդրադառնանք ամենակարևորին՝ շապիկին։ Սա Led Zeppelin-ի պատմության մեջ առաջին ալբոմն էր, որի շապիկը ստեղծվեց Լոնդոնի հայտնի Hipgnosis դիզայներական ստուդիայի կողմից։ Առաջին տարբերակը, որ ներկայացվել էր Ստորմ Թորգերսոնի կողմից, չափազանց հեգնական էր՝ թենիսի վառ կանաչ դաշտ և թևճակ։ Խումբը միանգամից մերժեց այն։
Այնուհետև գործը հանձնվեց Օբրի Փաուելին, որի ոգեշնչման աղբյուրը դարձավ Արթուր Քլարկի գիտաֆանտաստիկ «Մանկության ավարտը» վեպը։ Այս գրքում պատմվում է, թե ինչպես են այլմոլորակային Օվերլորդները նվաճում Երկիրը՝ ստեղծելով թվացյալ ուտոպիա, բայց իրականում վերացնելով մարդկային ինքնությունը։ Փաուելը փորձեց ստեղծել նման միստիկ և անհանգիստ մթնոլորտ։
Նկարահանումները տեղի ունեցան Հյուսիսային Իռլանդիայում՝ Giant's Causeway կոչվող վայրում, որտեղ բարձրանում են բնական բազալտե սյուներ։ Մերկ երեխաները քայլում, սողում, մագլցում ու բարձրանում են քարերի վրա՝ խորհրդանշելով մի տարօրինակ, վերացական անցում մանկությունից դեպի անհայտ մի աշխարհ։

Լուսանկարներն արվել են սև-սպիտակ, հետո տպագրվել գունային էֆեկտներով, որոնք թողնում են զգայապատրանքի տպավորություն։ Պատկերում տասնմեկ կերպար կա, բայց դրանք բոլորը ստեղծվել են ընդամենը երկու երեխաների՝ քույր-եղբայր Ստեֆան և Սամանթա Գեյթսերի լուսանկարների բազմակի օգտագործմամբ։
Նկարահանումները դժվար էին։ Ամեն օր անձրև, մշուշ, անբարենպաստ եղանակ։ Բայց ի վերջո հենց այդ լույսն ու մռայլությունն էլ ստեղծեցին այն մթնոլորտը, որը Փաուելը ուզում էր փոխանցել։ Հետարտադրական փուլում պատահական երանգավորումները նրան տվեցին գեղարվեստական մի շերտ, որը դարձավ շապիկի սիրված լինելու պատճառը։

Արձագանքները բազմազան էին։ Ստեֆան Գեյթսը տարիներ անց խոստովանեց, որ ինքը երբեք չի լսել ալբոմը, իսկ շապիկը համարում էր վախազդու և «ապոկալիպտիկ»։ Բայց հենց այդ է շապիկի հանճարեղությունը․ այն ոչ միայն լրացնում է երաժշտությունը, այլև ստեղծում իր մութ ու խորհրդավոր պատմությունը։

Houses of the Holy-ն ոչ միայն երաժշտական գլուխգործոց է, այլև դիզայնի, պատմության ու խորհրդանշանների մի ամբողջ աշխարհ։ Led Zeppelin-ը մեզ հիշեցրեց, որ երբեմն ամենահզոր ազդեցությունն ունեն այն աշխատանքները, որոնք չեն բացատրվում բառերով․ դրանք միայն զգացվում են։

Ինչպիսի հոդված ։) Հիանալի էր, Նարե՛ ջան։