«Զորություն և փառք». պատկեր և խորհուրդ
- Rockestre - Battle of Evermore
- May 1
- 8 min read
Updated: 6 days ago

«Իշխանությունը հակված է փչացնելու մարդուն, իսկ բացարձակ իշխանությունն ապականում է անմնացորդ»։ Անգլիացի պատմաբան Լորդ Ակտոնի խոսքն է՝ ամենացավալի ճշմարտություններից մեկը, որը գործել է, գործում է և գործելու է ցանկացած վայրում, ցանկացած համակարգում՝ պետական մակարդակից մինչև մանկական մի քանի հոգանոց «ընկերություն», հնագույն կայսրություններից մինչև ժամանակակից «ժողովրդավարական» հանրապետություններ։ Հուլիոս Կեսար, Նապոլեոն Բոնապարտ, Ադոլֆ Հիտլեր, Իոսիֆ Ստալին, մարդիկ, որոնց ազգանվեր նպատակները հօդս ցնդեցին իշխանության տենդի պատճառով՝ բերելով կա՛մ իրենց, կա՛մ իրենց կողմից կառավարվող ազգերի կործանմանը, կամ էլ երկուսը միասին։ Բոլոր ժամանակների այս համընդհանուր խնդիրը կամ ինչն ավելի տեղին է՝ ճշմարտությունը, միշտ հետաքրքրել է մարդուն։ Իզուր չէ, որ շախմատը, որը ստեղծվել է դեռ 7–րդ դարում Հնդկաստանում, շատ արագ տարածում է գտել ու մինչ օրս ամենասիրված ու տարածված խաղերից մեկն է, որտեղ բոլոր խաղաքարերը՝ թույլ թե հզոր, իրենց կյանքի գնով պաշտպանում են արքային՝ ամենաթույլ, բայց և միակ ու անփոխարինելի խաղաքարին։ Անհատի վրա իշխանության ազդեցությունը և դրա հետևանքները բացահայտող բազմաթիվ գրքեր են գրվել, ֆիլմեր նկարահանվել: Պատահական չէ, որ «Անասնաֆերման», «1984»–ը, «Ճանճերի տերը», «Մատանիների տիրակալը», «Սառույցի ու Կրակի երգը» ամենաընթերցված ու պահանջված գրքերից են։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է զարմանալ, որ բրիտանական Gentle Giant պրոգրեսիվ ռոք խմբի՝ 1974 թվականին լույս տեսած «The Power and The Glory» («Զորությունն ու փառքը») ալբոմը չի արժանացել այդ նույն ճանաչմանը և նույնչափ չի քննարկվել։
Կոնցեպտուալ բնույթի այս ստեղծագործությունը սկզբում բաղկացած է եղել 8 երգից, սակայն արդեն թվանշային կրիչների դարաշրջանում ավելացել է ևս մեկը՝ լրացուցիչ, համանուն երգ։ Այս երգերը պատմում են մի կառավարչի վերելքն ու անկումը։ Պատմությունն ուղեկցվում է խմբին հատուկ բարդ երաժշտական կառուցվածքով, գործիքավորմամբ ու հնարքներով, որոնք մեծացնում են այն լարվածությունը, որը համապատասխանում է ալբոմի թեմային։ Այնուամենայնիվ մինչև ալբոմի երաժշտությունը, բառերը հասկանալը ալբոմի հետ առաջին ծանոթությունը կայանում է շապիկի միջոցով։Այս ստեղծագործությունը ամբողջական չէր կարող լինել առանց այս շապիկի։ Այժմ մենք կբացահայտենք ալբոմի շապիկի ու դրա գաղափարական բովանդակության կապը, կհասկանանք, թե որքան կարևոր է շապիկի ճիշտ ընտրությունը ալբոմի մատուցման ու ամբողջականության հարցում։
Նախ հասկանանք ալբոմի բովանդակությունը և թե ինչպես են բառերն ու երաժշտությունը իրար օժանդակելով ստեղծում այս պատմությունը։ Ալբոմը սկսվում է «Proclamation» («Հրովարտակ») երգով՝ վեհ ու ազդեցիկ հրովարտակով, որ երկրի նորաթուխ ղեկավարը հնչեցնում է իր ժողովրդին։ Ժողովուրդն էլ իր հերթին փառաբանում է նրան։ Սակայն անգամ առաջին երգում ռիթմիկ փոփոխությունների ու սինկոպաների միջոցով երևում են նրա մանիպուլատիվ քայլերը, և ինչպես այդ ռիթմիկ հնարքներն են ունկնդրի համար դժվարհասկանալի, այնպես էլ կառավարչի ստերը՝ ժողովրդի համար։ Սրան հաջորդում է ծաղրական «So Sincere» («Ամենայն անկեղծությամբ») երգը՝ հակասական բառերով, խառը ռիթմերով, դիսոնանտ վոկալ հարմոնիաներով, ինչը նկարագրում է կառավարության խաբեությունը՝ հաճախ իրար հակասող, խճճող մտքերը։ «Aspirations» («Ձգտումներ») երգը ժողովրդի անունից է, որն իր ձգտումներն ու հույսերն է ներկայացնում։ Այստեղ շատ հանգիստ ու բարեհունչ հարմոնիա է ընտրված՝ համեմատաբար պարզ գործիքավորմամբ, միակ երգն է հստակ 4/4 չափով: Այսպես ներկայացվում են այն պարզ ու գեղեցիկ երազանքները, որ ժողովուրդը կապում է իր կառավարչի հետ՝ նրան վստահելով։ Երգի բառերը երկիմաստ հասցեատեր ունեն, բառապաշարն ու դարձվածքներն այնպես են ընտրված, որ աղոթք հիշեցնեն: Հատկապես forever բառի առանձնացված կրկնությունը, զուգորդվելով ալբոմի անվան հետ, ակնհայտ աստվածաշնչյան հղում է: Անգլերեն Տերունական աղոթքի վերջին նախադասությունն այսպես է հնչում. «For thine is the kingdom and the power and the glory for ever and ever. Amen.» («Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս։ Ամէն»)։ Այս ամենը պատահական չէ։ Այսքան շատ հղումները կրոնին ու Աստծուն երևի ակնարկում են աշխարհիկ և հոգևոր իշխանության երկընտրանքը մարդու ճակատագրում, գուցե ծաղրում են այն, որ երկրի կառավարչին մարդիկ նույնացնում են ամենակարող Աստծո հետ ու նրա հետ կապում աներևակայելի մեծ սպասելիքներ՝ հաշվի չառնելով, որ նա իրենց պես մարդ է։ Սրան հաջորդում է «Playing the Game» («Խաղը խաղալով») երգը, որն արդեն կառավարչի մենախոսությունն է։ Նա բացահայտում է իր հնարավորությունները, հասկանում, որ միայն ինքը գիտի ամեն բան, ու մտածում է, որ կարող է ամեն ինչ, և այս պահից իշխանությունը նրա համար խաղի է վերածվում։ Այս երգում է, որ զուգահեռ է տարվում շախմատի հետ՝ «I'm the king in fighting competition and the other pieces are there for my art and my tactics now», որտեղ բոլոր խաղաքարերը արքայի ձեռքում գործիք են՝ իր խաղը խաղալու։ Երաժշտությունը կարծես բացահայտում է այն հնարավորությունները, որոնք բացվում են նրա առջև, և ստեղծում է խաղի պատկերը։ Երգի միջնամասում հանգիստ ու մութ հատված կա, որը երկրի ղեկավարի ունեցած գաղտնիքներն են և անհանգստությունները։
Ալբոմի 5-րդ՝ մեջտեղի երգն է «Cogs in Cogs» («Ատամնանիվները ատամնանիվներում»)։ Այստեղ պատմվում է շղթայի մասին, թե ինչպես է կառավարությունը ոչ մի դրական փոփոխություն չանելով՝ իշխանություն պահում։ Երգը երևի թե ամենաբարդն ու բազմաշերտն է ալբոմում, լի պոլիռիթմերով ու մետրիկ մոդուլացիաներով։ Դրանք այն բարդ մարտավարություններն են, որոնց միջոցով կառավարիչը հաստատուն է պահում իր դիրքը, սակայն այն դանդաղ խարխլվում է ժողովրդի դժգոհությունից, և կառավարչին միայն թվում է, թե ամեն բան իր տեղում է։ Երգը կարելի է համարել անկման սկզբնակետ երկրի ղեկավարի համար։ Հաջորդ երգը՝ «No God’s a Man» («Ոչ մի աստված մարդ չէ»), կրկին հղում է Աստվածաշնչին։ Ներկայացնում է, թե ինչպես ժողովուրդը, որն առաջ փառաբանում էր իր կառավարչին, այժմ նրա դեմ է դուրս եկել, և որ երկրի ղեկավարն ամեն դեպքում ամենակարող Աստված չէ, այլ մարդ է։ Այս կետում կառավարիչն իջնում է երկնքից ու հայտնվում դժգոհ ժողովրդի երախում։ Երգն ունի դժգոհության, հիասթափության երանգ։ «The Face» («Դեմքը») երգը արդեն անդառնալի հետևանքների համար կառավարչի պատասխանատվություն կրելու պահն է, երբ պետք է ամեն կերպ պահել իշխանությունը և ընդունել կատարած սխալները՝ դեմք փոխել։ Այն կառավարչի խորհրդականի անունից է, որն էլ հորդորում է այդպես գործել։ Երգը շատ լարված ու կոպիտ երանգ ունի։
Վերջին երգը «Valedictory»-ն է («Հրաժեշտ»), որն ալբոմի առաջին երգի մեղեդու ավելի կեղտոտ, աղավաղված ու դանդաղ ձևն ունի։ Սա նրա մասին է, որ նախնական գեղեցիկ ծրագիրը չիրականացվեց, և երկրի ղեկավարն այժմ փորձում է արդարանալ՝ նշելով, որ արագ փոփոխություն կատարելը շատ դժվար է, և ինքն իրեն համոզելով, որ կարողացել է ինչ-որ բան անել։ Լրացուցիչ երգը՝ ալբոմի համանուն «The Power and The Glory»-ն, մեկ այլ կառավարչի անունից է, որը գահն իր ձեռքն է վերցնում ու վռնդում նախկին ղեկավարին, և որին թվում է, թե նա կարող է ուղղել նախորդի սխալները, և այսպես շղթան կրկին սկսվում է։ Երգում կա հաստատականություն՝ 4/4 հստակ չափ, և ուրախ երանգ, որ նախորդին հեռացրին, նաև կրկին հույս, որ գոնե հիմա պիտի լավ լինի, սակայն դա ծաղրական երանգ ունի, և պարզ է, որ շղթան կրկվելու է։
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ, ի տարբերություն նախորդ ալբոմների, այստեղ Gentle Giant-ը շատ կոպտություն ու լարվածություն է մտցրել երգերի մեջ՝ իհարկե ներառելով խմբին հատուկ կելտական, միջնադարյան և վերածննդյան երանգներ և շեշտելով, որ ալբոմը բոլոր ժամանակների և ժողովուրդների մասին է: Երգերի փոխվող դինամիկան, խառը, շերտավոր չափերն ու յուրահատուկ գործիքավորումը պատկերում են քաղաքական բարդությունները, կառավարչի փոփոխությունն ու ժողովրդի երազանքների վերածումը հիասթափության։ Այսպիսով՝ ալբոմը բացահայտում է մաքիավելյան փիլիսոփայությունն ու ժամանակակից քաղաքականության մոդելը՝ որ արքան պետք է առաջնահերթություն տա իր դիրքի պահպանմանը, որի միջոց են քարոզչությունն ու ձեռնածությունը (մանիպուլացիան), և որ վերջնարդյունքն արդարացնում է ջանքերը։

Այժմ անցնենք մեր բուն խնդրին ու քննարկման առարկային՝ փորձենք կապել բովանդակությունը շապիկի հետ։ Շապիկի վրա տեսնում ենք արքայի, որը, ենթադրաբար, պատմության հերոսն է։ Չնայած որ ալբոմի շապիկի վրա պատկերված է արքա, ալբոմի և ոչ մի հատվածում չի նշվում ո՛չ տեղ, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կառավարչի իշխանության գալու եղանակը։ Սա հանճարեղ քայլ է, որպեսզի ունկնդրողը հասկանա, որ խոսքը չի վերաբերում միայն ժառանգաբար գահի եկած միջնադարյան արքայի, շահի, սուլթանի, խանի կամ նորագույն «դեմոկրատական» արքայի, որին ժողովուրդն է ընտրել։ Այսինքն՝ խնդիրը համաժամանակյա ու համաշխարհային է, կախում չունի հանգամանքներից և միշտ ու ամեն տեղ եղել է, կա ու կլինի։ Ամեն դեպքում, վերադառնալով շապիկին ու հետևելով դրան, առայժմ կառավարչին «արքա» անվանենք։ Արքայի գլխին գեղեցիկ ոսկյա թագ է, հագին՝ զրահ, որի վրա՝ կարմիր քղամիդ, ձախ ուսին՝ վահան։ Նա աջ ձեռքով բռնել է թրի կոթից և մի փոքր հանել թուրը պատյանից։ Դեմքի արտահայտությունը շատ լուրջ է, մտածկոտ, ստոիկ, կարծես թե խիստ, ուժեղ բնավորությամբ մարդ է։ Նշանակալի է, որ դեմքը համաչափ է, բավականին գեղեցիկ, ինչը կառավարչի համար կարևոր է՝ համակրանք առաջացնելու համար։ Կարճ ասած՝ արտաքինից իսկական, տիպական միջնադարյան արքա է։ Հոնքերը կիտված են, աչքերով հետևում է, ենթադրաբար, իր երկրին։ Նա մի փոքր վախ է ներշնչում, կարծես ամեն վայրկյան կարող է հանել թուրը։ Կարելի է ենթադրել, որ նա ցույց է տալիս իր ուժը թշնամիներին ու պատրաստ է ամեն վայրկյան պաշտպանելու իր երկիրը։
Այս ամենը շատ գեղեցիկ է, մինչև ագռավի նշանին ուշադրություն դարձնելն ու նկարի պատմության ուսումնասիրությունը։ Ագռավի նշանից երևում է, որ նկարը խաղաքարտից է վերցված։ Եվ իրոք՝ սա ավստրիացի նկարիչ Հանս Պրինցի նկարած ու 1926–1933 թվականներին «Bernhard Dondorf Gm.b.H.» ընկերության արտադրած քարտերի ագռավի արքան է (տես ստորև՝ պատկերում)։ Արքայի լրջությունն ու իմաստությունը, թվում է, անհամատեղելի են խաղերի հետ։ Սակայն այստեղ մի փոքր հուշում կա։ Դա հենց այն է, որ կառավարչի ձեռքում իշխանությունն ու ազգի ճակատագիրը հաճախ խաղի են վերածվում, ինչպես նշեցինք Playing the Game երգը վերլուծելիս, մինչդեռ ժողովրդի աչքում նա կատարյալ կերպար է թվում։ Այժմ հասկանալի է, թե ինչու է շապիկի արքայի գլխի կողքին հենց գլխի չափ ագռավի նշան։ Բայց ցանկացած խաղաքարտի պատկեր շրջված էլ է պատկերված լինում նույն խաղաքարտին, ուստի հարց է առաջանում, թե ինչո՛ւ է ալբոմի նկարում միայն մի կողմը։ Այստեղ է խմբի ողջ հանճարեղությունը։ Բանն այն է, որ ալբոմը լսելով է, որ մենք տեսնում ենք արքայի հակառակ կողմը՝ ստվերը։ Սկզբում մենք տեսնում ենք ուժեղ ու վստահություն ներշնչող արքայի։ Բայց հետզհետե պատկերն ամբողջանում է. արքան գլխիվայր շրջվում է ունկնդրողի մտքում, երբ նա լսում է ալբոմը մինչև վերջ և ստանում իր հարցերի պատասխանները, հատկապես երբ վերջին երգը կարծես հակառակ կողմից պատկերում է առաջին երգի թեմատիկ նյութը։ Այժմ ենք հասկանում, որ երկրի ղեկավարը հետևում ու վախ է սփռում ոչ թե թշնամիների վրա, այլ սեփական ժողովրդի և ամուր կառչել է թրից՝ փորձելով պահել իր դիրքը։

Եթե այս ամենը պրոեկտենք Gentle Giant-ի ալբոմի թողարկման ժամանակվա համաշխարհային իրավիճակի վրա, կարող ենք գտնել կոնկրետ հղումներ։ Ալբոմը լույս է տեսել հենց այն տարում, երբ Ուոթերգեյթյան սկանդալը հասել էր իր գագաթնակետին։ Թվում է, թե ալբոմը հղում է այդ իրադարձություններին, քանի որ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը ստիպված եղավ հրաժարական տալ այս ալբոմի հրապարակումից մեկ ամիս անց։ Այդ ժամանակ նրա հայտնի «Ես ստահակ չեմ» արտահայտությունը ծիծաղի և ծաղրի առիթ էր դարձել ամբողջ աշխարհում, ուստի շատերը կարծում էին, որ այս ալբոմն իրականում Ուոթերգեյթի սկանդալի մասին է։ Բացի դրանից, սա Սառը պատերազմի թեժ շրջան էր, երբ գերտերությունները ռազմատնտեսական բուռն պայքարի մեջ էին, ժողովրդի բարօրության ու նրան ձեռնածելու հաշվին։ Հետաքրքիրն այն է, որ անգամ այս թեմայով ալբոմի ձայնագրումն ու թողարկումը զերծ չեն մնացել ուժի ու իշխանության չարաշահումից։ Ալբոմն արտադրող WWA կազմակերպությունը ճնշում էր խմբին, որ վերջինս իր կամքին հակառակ փոփոխություններ անի երգերում՝ ալբոմի վաճառելիությունը մեծացնելու համար։ Խմբի առաջատար վոկալիստ Դերեկ Շուլմանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ վերոնշյալ իրադարձությունները ուղղակիորեն ազդել են ալբոմի կոնցեպտի վրա։ «Ուժն ու փողը միշտ հաղթում են անկախ ամեն ինչից, և մարդիկ, որոնք սպասում են լավագույնին, սովորաբար դրան չեն արժանանում» նշել է նա՝ ամփոփելով ալբոմի ասելիքը։
Ամփոփելով մեր երաժշտատեսողական վերլուծությունները՝ կարող ենք հստակ եզրակացնել, որ ալբոմը ամենակոնցեպտուալ ու գաղափարապես հարուստ ստեղծագործություններից է երաժշտության պատմության մեջ. այն միավորում է թե՛ երաժշտություն, թե՛ տեսողական արվեստ, թե՛ պատմություն, թե՛ փիլիսոփայություն ու գրականություն։ Այն մտածված է մինչև ամենափոքր մանրամասները, որպեսզի ծառայի իր նպատակին՝ ցույց տա իշխանության, ուժի ու փառքի ազդեցությունը մարդու վրա։ Ալբոմի ուղերձն է ավելի զգոն ու գիտակից լինել կառավարչի ընտրության հարցում, անվերապահորեն չընդունել նրա ամեն խոսք ու չհամարել նրան կատարյալ, միշտ մտքում ունենալ այն ճշմարտությունը, որ նա սովորական մարդ է, որին հասանելի են անսահման տեղեկույթ և ուժ, որոնք դժվար է ճիշտ տնօրինել, և ի վերջո դրանք փոխելու են նրան։ Սա այն ստեղծագործություններից է, որն արդիական է բոլոր ժամանակներում, քանի դեռ կա մարդը։ Անգամ եթե մի կղզու վրա երկու հոգու բնակեցնես, նրանցից մեկը փորձելու է իշխող դիրքի գալ. դա է մարդու բնական էությունը։ Իհարկե, հնարավոր չէ զուգահեռ չտանել նաև հայոց պատմության հետ, հատկապես վերջին 30 տարվա ու մանավանդ վերջին 6 տարվա մեր իշխանությունների հետ։ Չզգացի՞ք նմանություններ. անհատն իշխանության է գալիս ժողովրդի աջակցությամբ, ներկայացնում մաքուր ու միայն ազգի բարօրությանը միտված ծրագրեր, ժողովուրդն էլ մեծ սեր ու հավատ է դնում՝ հույսեր ու սպասելիքներ կապելով նրա հետ։ Ժամանակ է անցնում, իսկ լավ փոփոխություններ չեն երևում, և վիճակը միայն վատթարանում է։ Ժողովրդի շրջանում աճում է դժգոհությունը, իսկ կառավարիչը սկսում է պնդել, որ դժվար է բան փոխելը, և փորձում է արդարանալ։ Նրա փոխարեն գալիս է մեկ ուրիշը՝ ավելի մեծ աջակցությամբ, կրկնվում է նույնը։ Ինչ խոսք, ծանոթ սցենար է։
Ալբոմը հիանալի օրինակ է ալբոմի շապիկի ու երգերի բովանդակության փոխլրացման ու դրանով ամբողջական պատկերի ստեղծման։ Անձամբ ես հավատացած եմ, որ եթե ամեն մարդ ստեղծագործությունն ուղնուծուծով հասկանա ու վերլուծի, դա կազդի երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքի վրա, և լիահույս եմ, որ ալբոմը, թեկուզ տարիներ անց, կստանա այն ճանաչումը, որին արժանի է։

Comments