“Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band”` ալբոմ, որը հեղաշրջեց երաժշտության պատմությունը
- Rockestre - Battle of Evermore
- Jun 18
- 6 min read

“Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band”-ը շրջադարձային կետ էր։ Դա պարզապես ալբոմ չէր, դա մտածողության մի նոր ձև էր երաժշտության հանդեպ։ Այն մի ամբողջ աշխարհի ստեղծման մասին էր, ոչ թե պարզապես երգերի։
Ջոն լենոն
Պատմական համատեքստ
60-ականների վերջը բուռն փոփոխությունների շրջան էր՝ թե՛ երաժշտության, թե՛ հասարակության մեջ։ Պսիխոդելիկ շարժումը, ենթամշակութային հոսանքները, ազատության պահանջը և նոր տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրին արվեստի արտահայտչականության աննախադեպ պոռթկման։ Ճանաչման գագաթնակետում գտնվող «Բիթլզ» խումբը 1966 թվականին կայացրեց պատմական որոշում՝ դադարեցնելով իր համերգային գործունեությունը, քանի որ հոգնել էր խենթուխելառ ճչացող երկրպագուներից, որոնց հիստերիայի պատճառով անգամ երաժիշտնե՛րը բեմի վրա ի վիճակի չէին լսելու իրենց: Նրանք հասկանում էին, որ իրենց կատարողական որակը վտանգի տակ է, որ սկսել են անփույթ վերաբերվել իրենց երգած-նվագածին: Միաժամանակ հասկացան, որ իրենց համար առաջին տեղում երաժշտությունն է, և հրաժարվելով համերգներից՝ իրենք ձեռք են բերում լրիվ նոր ստեղծագործական ազատություն՝ ստուդիան դարձնելով իրենց գլխավոր բեմը և անկաշկանդ փորձարկումների դաշտը։ Նրանք սկսեցին օգտագործել նորարար տեխնիկաներ, ժապավենային մանիպուլացիաներ, էկզոտիկ գործիքներ և ամբողջական նվագախմբեր։ Ձայնային աշխարհը ստեղծվում էր՝ կտոր առ կտոր, գրեթե ֆիլմի պես։ Հենց այսպես էլ նրանք որոշեցին ստեղծել երևակայական խումբ՝ Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band, որի միջոցով կարող էին դառնալ միանգամայն ուրիշ մարդիկ՝ նոր ոճով, նոր մտածողությամբ, նոր ինքնությամբ։

Շապիկի խորհրդանիշները
Այս ալբոմը կարող է նկարագրվել որպես մշակութային խառնարան՝ համատեղելով ավանգարդ և առևտրային մոտեցումները, այսինքն՝ լինել նորարարական և արտասովոր, բայց միևնույն ժամանակ պարզ ու հիշվող։ Փաթեթավորումը ևս պետք է արտահայտեր այս ոճական բազմազանությունը։ Շապիկի հեղինակները՝ Ջեն Հաուորթն ու Փիթեր Բլեյքը, որոշեցին պատկերել խումբը որպես համերգից հետո լուսանկարվող նվագախումբ՝ շրջապատված իրենց երազանքների հանդիսատեսով։ Այդ «երկրպագուներն» իրականում պատմական և մշակութային նշանավոր դեմքեր էին, որոնք ընտրվել էին «Բիթլզ»-ի յուրաքանչյուր անդամի կողմից այնպես, որ արտացոլվեր նրանց անհատականությունը։ Ալբերտ Այնշտայնից մինչև Մերիլին Մոնրո և Էդգար Ալան Պոյից մինչև Բոբ Դիլան։

Լենոնն ընտրել էր իր գաղափարային կուռքերին՝ Դիլան Թոմասին, Կառլ Յունգին, Մակ-Քարթնին՝ բեմական ոգեշնչման հերոսների, օրինակ՝ Ֆրեդ Աստերին և Մարլոն Բրանդոյին, Հարիսոնը՝ հնդիկ հոգևոր ուսուցիչների, օրինակ՝ Շրի Յուկտեսվարին, իսկ Ռինգոն պարզապես համաձայնել էր մնացածի ընտրությանը։ Այս ընտրությունը ոչ միայն բնութագրում էր խմբի անդամներին, այլ նաև ընդգծում խմբում կարծիքների ու ճաշակների ներդաշնակ բազմազանությունը։
Անդրադառնանք որոշ կարևոր դեմքերի։
Բոբ Դիլանը (Bob Dylan) ներկայացված է որպես միակ կենդանի երաժիշտ-արվեստակից։ Նա մեծ ազդեցություն էր թողել «Բիթլզ»-ի երգերի վրա՝ հատկապես նրանց երգերի խոսքերի խորացման և սիմվոլիզմի զարգացման հարցում։ Լենոնը նրան դիտարկում էր որպես ժամանակակից «փիլիսոփա»։
Օսկար Ուայլդն (Oscar Wilde) անգլիացի գրող է, որ հայտնի է իր սարկազմով և ազատամիտ կյանքով։ Նրա ընդգրկումը շապիկի նկարում ընդգծում է երգիծանքի և ստեղծագործական ազատության դերը «Բիթլզ»-ի նոր մոտեցման մեջ։
Կառլ Յունգը (Carl Jung) հոգեվերլուծության հիմնադիրներից մեկն է և կարևոր դերակատարություն ունի «Բիթլզ»-ի անդամների ներքին փնտրտուքի և հոգևոր զարգացման թեմաներում։
Շրի Յուկտեսվարը (Sri Yukteswar) հնդիկ սուրբ ու փիլիսոփա է, որի միջոցով ամրապնդվեց խմբի հետաքրքրությունը արևելյան իմաստության, ինչպես նաև երաժշտության ու երաժշտական գործիքների հանդեպ, որը կարելի է նկատել “Within You Without You” երգում, որտեղ օգտագործվել են հնդկական երաժշտական գործիքներ՝ սիտար, տաբլա, դիլրուբա և տանպուրա:
Անկարելի է չանդրադառնալ նաև մանկական հոլիվուդյան աստղ Շըրլի Թեմփլի կերպարին, որ շապիկի վրա երևում է ոչ թե մեկ, այլ երեք անգամ։
Մենք նրան տեսնում ենք նախ որպես տիկնիկ, որն ունի Rolling Stones-ի վերնաշապիկ, իսկ գրպանում գրված է՝ "Welcome The Rolling Stones"։ Այս փոքրիկ ժեստն իրականում հեգնական կատակ է․ կարծես «Բիթլզ»-ի տղաները, մի ժամանակ սիրելի մանկական հերոսներ լինելով, հրաժեշտ են տալիս իրենց անցյալին ու հանձնում փառքի փոխանցական ջահը իրենց սերնդակից խմբին։ Միևնույն ժամանակ դա հեգնական դիտարկում է փառքի անցողիկության վերաբերյալ․ այսօր դու աստղ ես, իսկ վաղը՝ տիկնիկ՝ ցուցափեղկում։
Շըրլի Թեմփլի դեմքը երկրորդ անգամ երևում է շապիկի ձախ մասում՝ իր մանկության դասական լուսանկարներից մեկով։ Դա հիշեցում է անմեղության և պարզության մի դարաշրջանի մասին, որն արդեն անցել է։
Եվ վերջապես՝ երրորդ պատկերը, որն ավելի մեծահասակ Շըրլի Թեմփլին է ներկայացնում, կարծես ծառայում է որպես ժամանակի ազդեցության խորհրդանիշ։ Մանկության պաշտելի հերոսուհին այլևս ոչ թե իրական անձ է, այլ մշակութային պատկեր՝ վերածված կոլաժի կտորի։

Այս եռապատիկ ներկայությունը դարձնում է նրան ոչ միայն ալբոմի դեկորացիա, այլ նաև ամբողջ փոփ մշակույթի՝ ինքն իրեն ուղղված հայելի։
Թեև որոշ դեմքեր, ինչպես Հիսուսը, Գանդին կամ Հիտլերը, հեռացվեցին վերջին տարբերակից, շապիկը դարձավ մի հսկայական մշակութային «պատկերասրահ», որը միավորում էր 20-րդ դարի կարևորագույն և ազդեցիկ անհատներին։
Ընդհանուր համատեքստում՝ այս կերպարները միասին ստեղծում են մի ամբողջ «մշակութային գերեզմանատուն», որտեղ «Բիթլզ»-ը թաղում է իր անցյալ կերպարները՝ միաժամանակ ցուցադրելով այն հիմքերը, որոնց վրա իրենք կառուցեցին իրենց նոր, «երևակայական» խումբը։ Սա շապիկը դարձնում է ոչ միայն գեղարվեստական պատկերի մաս, այլև տեսողական հռչակագիր, որը պատմում է, թե ովքեր են «Բիթլզ»-ի անդամները՝ իրենց ազդեցություններով, կատարելատիպերով և ապագա ուղղություններով։
Երգերի և ալբոմի գաղափարի կապը
“Sgt. Pepper’s“-ի յուրաքանչյուր երգ մեկ գլուխ է ընդհանուր պատումի մեջ, որը ներկայացված է կեղծ նվագախմբի միջոցով։ Երգերը խորքային անդրադարձ են կատարում ինքնության, միայնության, մանկության հուշերի և հասարակության մեջ տեղ գտնելու թեմաներին։ Օրինակ՝ “Lucy in the Sky with Diamonds“-ը ներկայացնում է երազային իրականություն, մինչդեռ “A Day in the Life“-ը միավորում է առօրյան և գոյաբանական հարցադրումները։
Այս ամբողջ կառուցվածքը՝ սկսած անունից, զգեստներից և երաժշտությունից մինչև շապիկը, մի պատկեր է ստեղծում՝ այլ կերպարի տակ ներկայացնելով «Բիթլզ»-ին։ Սա նրանց ինքնաբացահայտման գագաթնակետն էր։
«Paul is Dead» տեսությունը
Սակայն այս ալբոմի շուրջ ձևավորվել է
նաև խորհրդավոր մի լեգենդ՝ “Paul is dead“ չարագուշակ վերնագրով։ Համաձայն այս տեսության՝ Փոլ Մակ-Քարթնին մահացել է 1966-ին ավտովթարից, և նրան փոխարինել են նմանակով։ Վարկածի կողմնակիցները գտել են մի շարք «վկայություններ» ալբոմի շապիկի վրա և երգերի բառերում։ Նախ՝ ալբոմի շապիկին ակնհայտորեն պատկերված է թաղման արարողություն, ապա՝ Փոլի թևկապի վրա գրված է մի հապավում՝ “O.P.D”, որը հնարամիտ երկրպագուները բացել են որպես “Officially Pronounced Dead”։ Բացի դրանից, շապիկին պատկերված բիթլերը երաժշտական գործիքներ ունեն ձեռքերին՝ շեփոր, գալարափող, սրինգ… բոլորը վառ, պայծառ տեսքով և հնչողությամբ գործիքներ են, և միայն Փոլի ձեռքին է անգլիական փողը, որը սև է և ավանդաբար կապվում է լքված, թախծոտ մեղեդիների հետ: Ներսի հատվածի պատկերում միայն Մակ-Քարթնին է մեջքով կանգնած, իսկ Հարիսոնի մատները ցույց են տալիս երգի բառերի մի հատված՝ “Wednesday morning at 5 o’clock”, և սրանից երկրպագուները պնդում են, որ դա Փոլի մահվան ժամն է։

Թեև այս տեսությունը պաշտոնապես հերքվել է, այն դարձավ 60-ականների փոփ-մշակույթի մաս՝ ի ցույց դնելով, թե որքան խորությամբ էին մարդիկ ուսումնասիրում և ընկալում «Բիթլզ»-ի արվեստը։
Ալբոմի համաշխարհային մշակութային ազդեցությունը
Ներկայանալով որպես Sgt. Pepper's Lonely Hearts Club Band՝ Բիթլզը ոչ միայն վերածվեց նոր կերպարի, այլև փոխեց ամբողջ երաժշտական աշխարհակարգը։ Ալբոմը դարձավ այն սահմանագիծը, որով սկսեց չափվել ժամանակակից երաժշտության զարգացումը։
1967-ին առաջին անգամն էր, երբ մի ռոք ալբոմ ընկալվում էր որպես գեղարվեստական ամբողջություն և ո՛չ պարզապես երգերի շարք։ Այստեղ ամեն երգ մաս էր մի ավելի լայն պատումի՝ ոճական, հնչյունային, գաղափարական։ Նոր սերունդները սկսեցին ալբոմը դիտարկել որպես ներկայացում, ոչ թե պարզապես մարկետինգային արտադրանք։
Sgt. Pepper-ի ստեղծմամբ՝ ստուդիան դարձավ երաժշտի գործիքը։ Տասնյակ ձայնագրություններ, ժապավենային փորձարկումներ, տարակազմ նվագախմբեր, վոկալային շերտեր։ Այս ալբոմից հետո ստեղծագործությունը դուրս եկավ բեմից և տեղափոխվեց ստուդիա՝ որպես լաբորատորիա։ Հետագայում այս մոտեցումն էին զարգացնում Pink Floyd-ը, Queen-ը, Բրայան Ինոն և Radiohead-ը։
Բայց կար մեկ նորարարություն էլ, որը հաճախ մոռացվում է։ Sgt. Pepper-ն առաջին ալբոմն էր, որի փաթեթավորման մեջ ներառվել էին բոլոր երգերի բառերը։ Մինչ այդ երաժշտության մեջ բառերը հաճախ երկրորդական էին դիտարկվում։ Իսկ այստեղ «Բիթլզ»-ը ուղիղ հայտարարում էր՝ «մեր ասելիքը նույնքան կարևոր է, որքան մեր երաժշտությունը»։ Սա փոխեց երաժշտության ընկալման ձևը՝ դրան տալով նաև գրական արժեք։

Սա նաև առաջին ալբոմներից էր, որի շապիկը դարձավ արվեստի մաս։ Այն ոչ միայն զարդարանք էր, այլև ինքնուրույն պատմություն, խորհրդանիշ։ Այս հեղափոխական մոտեցումից հետո ալբոմների ձևավորումն ու փաթեթավորումը սկսեցին ընկալել որպես երաժշտության հավելյալ շերտ, որ պետք է ունկնդիրներին նախապատրաստեր ալբոմի երգերին և դրա ընդհանուր գաղափարին։
Ստեղծելով Sgt. Pepper խմբի կեղծ կերպարը՝ «Բիթլզ»-ը նախանշեց այլընտրանքային անձանց ստեղծման ուղղությունը երաժշտության մեջ։ Դրանից հետո շատ արտիստներ հետևեցին այս օրինակին։ Սա կատարողներին թույլ տվեց ազատվել սեփական անձից և ստեղծել բեմական աշխարհ։
«Բիթլզ»-ի այս քայլն օգնեց ռոք երաժշտությունն ընդունել լուրջ մշակութային հարթակներում։ Ալբոմն ուսումնասիրվում էր համալսարաններում, ցուցադրվում՝ պատկերասրահներում։ Բանաստեղծական տեքստեր, փիլիսոփայական մոտեցումներ, հումոր և սոցիալական քննադատություն՝ ամեն ինչ տեղ գտավ մեկ գրամոֆոնային սկավառակի մեջ։
«Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»-ը ավելին էր, քան պարզապես ալբոմ։ Դա մի գեղարվեստական՝ ձայնային հռչակագիր էր, մի դարաշրջանի պատկերասրահ՝ փաթեթավորված ամենավառ և խորհրդանշական շապիկով։ Դա հենց այն պահն էր, երբ երաժշտությունը դարձավ արվեստ՝ իր բոլոր ձևերով։
Հետաքրքիր փաստեր
· "A Day in the Life" երգի վերջում լսվում է 15 կՀց հաճախությամբ ձայն, որն ավելացվել է Լենոնի առաջարկով՝ շներին նյարդայնացնելու նպատակով։
· «A Day in the Life» երգը գրեթե արգելվել էր։ BBC-ն ժամանակավորապես արգելեց այս խորհրդանշական երգը՝ պնդելով, թե «I’d love to turn you on» տողը խթանում է թմրամիջոցների օգտագործումը։
· «Lucy in the Sky with Diamonds» — LSD? Շատերը կարծում էին, որ երգը վերաբերում է LSD թմրամիջոց-ին, սակայն Ջոն Լենոնը պնդում էր, որ անվանումը ներշնչված է իր որդու՝ Ջուլիանի նկարից, որում պատկերված էր նրա դասընկերուհի Լյուսին։ Այնուամենայնիվ, երգի անվան մեջ գործածված մեծատառերը դեռ կասկածներ են հարուցում…
· Շապիկն արժեցել է 2,868 ֆունտ ստեռլինգ (շատ մեծ գումար 1967-ին), ինչը դարձրել է այն այդ ժամանակաշրջանի ամենաթանկ ալբոմային շապիկներից մեկը։

ես հիացած եմ այս գեղանի աղջկա աշխատանքով