“White Rabbit”-ը («Սպիտակ ճագար») ամերիկյան Jefferson Airplane հանրահայտ փսիխոդելիկ ռոք խմբի երգն է՝ 1967 թ. լույս տեսած “Surrealistic Pillow” («Սյուրռեալիստական բարձ») ալբոմից: Այս ժամանակաշրջանը, անցնելով Վիետնամի ու Սառը պատերազմների, հասարակական կարգերի և քաղաքացիական իրավունքների հեղաշրջումների բովով, համարվում է ամեն ինչի չափազանցության, պերճաշքության, հասարակական կանոնակարգի քայքայման և սոցիալական տաբուների թուլացման և անկման տասնամյակ։ Այս շրջանում LSD-ի նման հոգեմետ թմրամիջոցների կիրառումը լայն տարածում ստացավ՝ որպես «գիտակցությունը բարձրացնելու» և «անսովորը որսալու» ճանապարհին երևակայության մթին անկյունները բացահայտելու միջոց։ Ժամանակակից շատ երաժիշտներ և խմբեր, ինչպիսիք էին The Beatles-ը, Pink Floyd-ը, Jimi Hendrix-ը և հենց Jefferson Airplane-ը, ստեղծագործել են հալյուցինոգենների ազդեցության ներքո՝ “acid trip” (բառացիորեն՝ «թթվային ուղևորություն») կոչված վիճակում։ Իր հանելուկային տեքստով “White Rabbit” երգը առաջինն էր, որին հաջողվեց թմրանյութերի օգտագործման վերաբերյալ հղումներ կատարել՝ շրջանցելով գրաքննությունը։ Սերտ աղերսներ ունենալով Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» մանկական վիպակի հետ՝ երգը հագեցած է վաթսունականների «հալյուցինոգեն իրականությունն» արտացոլող թաքնված ենթատեքստերով։
Լուիս Քերոլի 1865 թ․ «Ալիսը հրաշքների աշխարհում» մանկական վեպում Ալիս անունով աղջիկն ընկնում է ճագարի գետնափոր ոլորանները՝ հայտնվելով մարդանման արարածների ֆանտաստիկ աշխարհում։ 1960-ականներից ի վեր ընթերցողները գրքում թմրանյութերի օգտագործման ենթատեքստ էին նկատում (մինչ այժմ գրական փորձագետների կողմից վիճարկվող), ինչի պատճառով էլ Գրեյս Սլիքը՝ Jefferson Airplane խմբի երգչուհին, իր երգը գրեց այս պատմության հիման վրա։ Չեշիրյան կատուն անհետանում է՝ թողնելով միայն իր խորհրդավոր ժպիտը։ Ալիսը կախարդական խմիչքներ ու սնկեր է համտեսում՝ իր ֆիզիկական չափերը փոխելու համար։ Թրթուրը նարգիլե է ծխում․․․ Սլիքն ասել է, որ իրենց երգը պետք է ծառայեր որպես ահազանգ այն ծնողներին, որոնք նման պատմվածքներ են ընթերցում իրենց երեխաների համար, հետո էլ տարակուսում, թե ինչու են նրանք թմրանյութեր օգտագործում։ Չնայած LSD-ի օգտագործման ակնհայտ ակնարկներին՝ Սլիքը նաև երգը կապում էր հետաքրքրասիրությունն ու սեփական գաղափարներն առաջ տանելու հետ. «Ես ինձ Ալիսի հետ էի նույնացնում։ Ես հիսունականների ամերիկյան արտադրանք էի՝ Կալիֆոռնիայի Պալո Ալտոյում, որտեղ կանայք կարճ մազերով տնային տնտեսուհիներ էին, և ամեն ինչ խիստ կանոնակարգված էր։ Ես այդ պլանավորված, անhրապույր հիսունականներից ընկա ռոք երաժշտության աշխարհ՝ առանց հետ նայելու։ Դա իմ Ալիսի՝ ոլորանն ընկնելու պահն էր։ “White Rabbit”-ը հարմար անուն էր թվում»։
Երգը սկսվում է մահվան մշուշոտ ու անկապակցված երթով, որին միանում է կիթառի արբեցնող ռիֆը՝ սահելով ծխի միջով, ականջի մեջ ստեղծելով առեղծվածային և «տարօրինակ» տեսարան:
One pill makes you larger Մի հաբը քեզ դարձնում է մեծAnd one pill makes you small Մյուս հաբը քեզ դարձնում է փոքր
And the ones that mother gives you Իսկ նրանք, որ մայրիկն է տվել Don't do anything at all Բոլորովին չեն ազդում
Այս տողերը հղում են կատարում գրքի առաջին գլուխներին, որտեղ արդեն Հրաշքների աշխարհում Ալիսն իր չափերը փոխում է կախարդական խմիչք ըմպելով և թխվածք ուտելով։ Սակայն գրքում ոչ մի տեղ չի նշվում «դեղահաբերի» մասին (“pills”). սա երգի նորամուծությունն է, որն ավելի բացահայտ է դարձնում թմրանյութերի հետ կապը։ Տողերը նաև հուշում են ժամանակակից երիտասարդության՝ մեծահասակների հեղինակության նկատմամբ վերաբերմունքի մասին, ըստ որի՝ նրանց արժեքները ուժ չունեն, նրանք անզոր են և «բոլորովին չեն ազդում» (“Don’t do anything at all”):
And if you go chasing rabbits
Այս հատվածը նմանակում է “chasing the dragon” արտահայտությունը, որն ափիոն ծխելու համար ժարգոնային տերմին է։ Ամբողջ երգի ընթացքում Jefferson Airplane-ը խաղարկում է թմրամշակույթին վերաբերող զանազան այլաբանություններ և սլենգային բառախաղեր:
Tell 'em a hookah smoking caterpillar Has given you the call He called Alice When she was just small
Գրքում Թրթուրի՝ Ալիսին տված խորհուրդը նման է “White Rabbit” երգը բացող տողերին։
— Մի կողմը կերկարացնի, իսկ մյուս կողմը կկարճացնի:
«Ինչի՛ մի կողմը և ինչի՛ մյուս կողմը», - մտածեց Ալիսը:
— Սնկի, - պատասխանեց Թրթուրը՝ կարծես գուշակելով Ալիսի միտքը, և հաջորդ վայրկյանին նրա հետքն անգամ չէր մնացել:
Սովորաբար թմրամշակույթի միջավայր ընկնելու համար միջնորդ էր հարկավոր, այնպես որ թմրանյութ գնելիս կամ երեկույթին միանալիս պետք է ինչ-որ մեկի անուն տայիր:
When the men on the chessboard
Get up and tell you where to go
And you've just had some kind of mushroom
And your mind is moving low
Սա արդեն ակնարկ է Քերոլի երկրորդ գրքին՝ «Ալիսը հայելու աշխարհում», որտեղ աշխարհը մեծ շախմատի տախտակ է։ Ալիսը զինվոր է, ու մյուս խաղաքարերը նրան հաճախ ճնշում են։ Այս տողերը փոխաբերական իմաստով վերաբերում են հեղինակություն ունեցող կերպարներին, ավելի կոնկրետ՝ պետությանը, որը զորակոչում էր քաղաքացիներին Վիետնամի պատերազմի ժամանակ։
Երաժշտապես “White Rabbit”-ը մեկ երկար կրեշենդո է՝ Ռավելի Բոլերոյի նման։ (կրեշենդոն ուժգնության աստիճանական աճն է)։ Վերջին տունը հենց երգի գագաթնակետն է։ Այստեղ է, որ Jefferson Airplane-ը հաստատում է իր տեսակետը։
When logic and proportion
Have fallen sloppy dead
Լուիս Քերոլը մաթեմատիկայի ու տրամաբանության դասախոս էր Օքսֆորդի համալսարանում, հետևաբար նրա ստեղծագործությունների տարօրինակ ու խելացնոր բնույթը շրջում, նենգափոխում ու ծաղրում էր նրա ակադեմիական ուսումնասիրությունների խիստ օրինաչափությունները։ Տան առաջին երկու տողերը հուշում են, որ անգամ մաթեմատիկոսները, որոնք ըստ կարծրատիպի սաստիկ կախված են կանոններից, որոնք գործնական ու տրամաբանական են, ունեն գաղտնի մի կողմ, որն անկառավարելի է, Հրաշքների աշխարհի նման անհեթեթ, և որը դեռևս բացահայտման կարիք ունի։ Այդ տողերը կարելի է նաև մեկնաբանել որպես թմրանյութերի ազդեցությունների նկարագրություն։ Երազներն ու հոգեմետ նյութերը ստեղծում են անիմաստ տրամաբանություն և ամբողջովին խախտում աշխարհի համաչափությունները։
And the White Knight is talking backwards
And the Red Queen's off with her head
Քերոլի հորինած տարօրինակ կերպարները հիշատակվում են երգում: Գրքի Սպիտակ ասպետը հետընթաց չի խոսում, բայց, այնուամենայնիվ, նրա խոսքն անհասկանալի է։ «Հետընթացությունը» (հայելային պատկերները) ևս գրքի թեմաներից է։ Քերոլին այստեղ հղում կատարելը մատնանշում է թմրամիջոցների ու ցնորվելու (“going out of your mind”) միջև կապը, գուցե նաև հակասությունը զգացմունքի և գիտակցության միջև, քանի որ Սրտի թագուհին է (Կարմիր թագուհին), որն անընդմեջ հրամայում է թռցնել մարդկանց գլուխները։ Սրանով ապացուցվում է, որ LSD-ից հետո արդեն իսկ ամբարիշտ աշխարհն է՛լ ավելի է ցնորվում։ Կարող է նաև հուշել, որ իշխանությունը (Կարմիր թագուհին) ցնդել է (“lost her head”):
Remember what the Dormouse said
Feed your head
Feed your head
Այս տողերը ամենաերկիմաստն են երգում։ Քերոլի գրքում Քնամուկը երբեք “Feed your head” չի ասում։ Ուղիղ հղումն այստեղ կատարվում է Ալիսի 11-րդ գլխին, երբ Խենթ Գլխարկագործը հարցաքննվում է դատարանի առաջ։
—Իսկ ի՞նչ ասաց Քնամուկը, - հարցրեց ատենակալներից մեկը:
—Այդ մեկը չեմ հիշում, - պատասխանեց Գլխարկագործը:
—Դու պետք է հիշես, - պնդեց Թագավորը, - թե չէ գլխատել կտամ:
Այս համատեքստում “Remember what the Dormouse said” տողը ավելի չարագուշակ նրբերանգ է ստանում․ մարդու միտքը չընդլայնելը (“feed your head” - expand your mind) կարող է թանկ արժենալ։ Սլիքը հավելել է, որ «երգի “feed your head” տողը և՛ ընթերցանության, և՛ հոգեմետ նյութերի մասին է․․․ գլուխը սնուցել ուշադիր լինելով․ «գրքեր կարդա, ուշադիր եղիր»։
«Իսպանական մռայլ քայլերգի տակ Ալիսի մասին տարօրինակ բաներ գրելը արտացոլում էր, թե ինչ էր կատարվում Սան Ֆրանցիսկոյում այդ ժամանակ։ Բոլորս փորձում էինք հնարավորինս հեռու մնալ ակնկալվածից»։
Հ․Գ. Հայ ժամանակակից կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար և մանկավարժ Արտուր Ավանեսովը Ալիսի մեծանալ-փոքրանալու «փոխակերպչական հնարները» համեմատում է մի շարք երաժշտական կոմպոզիցիոն տեխնիկաների հետ, ինչպես մեծացումը, փոքրացումը, շրջումը, որոնք լայնորեն կիրառվել են դեռ նախաբարոկյան ժամանակներից, հատկապես պոլիֆոնիկ կերտվածքներում: Ավանեսովը նաև զուգահեռներ է տանում որոշ արագ, բայց ոչ մի տեղ չտանող պասաժները «Հայելու աշխարհում» նկարագրված տրամաբանական, ավելի շուտ՝ անտրամաբանական կարիքների հետ, երբ «պետք է արագ վազես, որպեսզի նույն տեղում մնաս»: Այս ամենը մտաբերելով՝ նշենք, որ Լուիս Քերոլի երևակայական աշխարհը պարտադիր չէ, որ բորբոքի թմրանյութերից կախվածություն․ «սնուցիր գլուխդ» կոչը կարող է գեղարվեստական շատ ավելի լայն… և անվտանգ հեռանկարներ խթանել:
Հեղինակ՝ Լիլիթ Կակոյան
コメント