1968 թ․ ձևավորված «Լեդ Զեփելին» (Led Zeppelin) բրիտանական ռոք խումբն այն եզակի խմբերից է, որոնց երգերը մեծ ճանաչում ունեն նույնիսկ ռոքով չհետաքրքրվողների շրջանում։ Խմբի անփոփոխ կազմում էին կիթառահար Ջիմի Փեյջը՝ յուրատիպ նվագատեխնիկայով և ձայնային էֆեկտներով, վոկալիստ Ռոբերտ Փլանթը՝ հուզառատ և հզոր երգեցողությամբ, երբեմն բանաստեղծական տեքստերով, ստեղնահար և բասահար Ջոն Փոլ Ջոնսը՝ երաժշտական բազմապրոֆիլ հանճարով, և թմբկահար Ջոն Բոնհեմը՝ առանձնահատուկ դինամիկ, էներգետիկ ոճով։ «Լեդ Զեփելին»-ը լայնորեն ճանաչվում է որպես պատմության մեջ ամենաազդեցիկ ռոք խմբերից մեկը։
Իր 10-ամյա երաժշտական գործունեության ընթացքում այս խումբը թողարկել է 8 ստուդիական ալբոմ։ Այս ամբողջ ընթացքում խումբը երաժշտական զարգացում էր ապրում՝ հանդես գալով ստեղծարարական նոր հնարքներով, նորարար գործիքավորումներով։ Իսկ տեքստերը գրում էր մեծավ մասամբ Փլանթը՝ երբեմն ոգեշնչված հին աշխարհի առասպելներից, ինչպես «Immigrant Song» («Led Zeppelin III» ալբոմից), «No Quarter» («Houses of the Holy») և «Achilles Last Stand» («Presence») հանրահայտ երգերում։ Առաջին երկուսը գրվել են սկանդինավյան դիցաբանության ազդեցությամբ, իսկ երրորդը, ինչպես կարելի է կռահել վերնագրից՝ Հոմերոսի «Իլիական»-ի։ Հոդվածում կքննարկենք և կբացահայտենք հենց երրորդ օրինակը։
Նախ՝ մի փոքր ալբոմի մասին։ 1976 թ․ Մյունխենում ձայնագրված «Presence» ալբոմը «Լեդ Զեփելին»-ի վերադարձն էր «հայրենի» բլյուզ և հարդ ռոքին՝ 1975 թ․ «Physical Graffiti»-ից հետո, որն այս խմբի ժանրաոճային փորձարարության գագաթնակետն էր (պրոգրեսիվ և արտ ռոքից մինչև բլյուզ և ֆանկ ռոք ենթաժանրերում խումբն արկածներ էր փնտրում և իհարկե գտնում էր)։ Ուստի «Presence»-ը յուրահատուկ պատասխան էր այն բոլոր քննադատություններին, որոնց խումբն արժանացել էր նախորդ ալբոմում իր հիմնական ուղուց «շեղվելու» պատճառով։ Դե, իսկ «Presence» վերնագիրն ակնարկում էր այն, որ «Լեդ Զեփելին»-ի ներկայությունը չի կորել հարդ և բլյուզ ռոքից։
«Achilles Last Stand»-ը «Presence» ալբոմի դեբյուտային գործն է։ Հասկանանք, թե ինչ խորհուրդ ունի երգի վերնագիրը։ Ռոբերտ Փլանթը Հունաստանի Ռոդես կղզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կոտրել էր ոտնաթաթը և որոշ ժամանակ ստիպված էր անվասայլակով տեղաշարժվել, ուստի համարյա ամբողջ ձայնագրման ընթացքում նստած էր երգում։ Այս պատճառով երգի սկզբնական վերնագիրը հեգնորեն դրել էր «The Wheelchair Song» («Անվասայլակի երգ»)։ Չնայած որ վնասվածքից մասնակիորեն էր ապաքինվել, Փլանթը վերադարձավ իր նախկին ակտիվ կյանքին, սակայն ստուդիայում երգելիս և միաժամանակ թռչկոտելիս կրկին կոտրեց ոտնաթաթն ու սկսեց վախենալ, որ դա իրոք իր «վերջին կանգնել»-ն էր («last stand»): Այստեղից էլ ծնվեց երգի վերջնական վերնագիրը։
Երգի բառերի ոգեշնչումն ունի մի քանի կապ իրական կյանքի հետ։ Փլանթը սիրում էր ճանապարհորդել և հերթական ճանապարհորդության ժամանակ Մարոկկոյում գերվում է Ատլասի լեռների, մարոկկոյական բազմազան մշակույթի և երաժշտության հմայքով, ինչի մասին մանրամասն պատմում է իր փոդքաստում։ Սրանով է բացատրվում երգի բառերում ակնարկը Ատլաս տիտանին, որը ձեռքերով պահում էր երկինքը («…Oh, the mighty hands of Atlas, Hold the Heavens from the Earth»), և երգի՝ արևելյան երաժշտությանը բնորոշ գծեր ունենալը։
Դժվար չէ նկատել նաև ոտնաթաթի վնասվածքի և «աքիլլեսյան գարշապար»-ի նմանությունը։ Քանի որ Փլանթը ժիր կյանք էր վարում, նրա համար «մահացու հարված» էր ոտնաթաթի կոտրվածքը, որի պատճառով զրկվել էր ամենօրյա զվարճություններից։
Անցնենք տեքստի վերլուծությանը։
․․․And as I turned to you, you smiled at me
How could we say no?․․․
Այստեղ «you»-ն ամենայն հավանականությամբ Ոդիսևսն է, որը եկել էր Աքիլլեսին համոզելու՝ տրոյական պատերազմին կրկին մասնակցելու։ Դիտարկենք հաջորդ տողը․
․․․With all the fun to have․․․
Միանգամից երկու բան է ակնարկվում այս տողով․ Աքիլլեսը պատերազմի ու կռվի մեջ զվարճանք էր տեսնում, ինչպես Փլանթը՝ «Լեդ Զեփելին»-ի հետ անցկացվող ամեն մի վայրկյանում։
․․․To live the dreams we always had․․․
Աքիլլեսի երազանքն էր ապրել կարճ և մեռնել հերոսի պես՝ մարտի դաշտում։ Հետաքրքիր է այն, որ այս դեպքում «ապրել երազանքները» («To live the dreams») նշանակում է «զոհվել մարտի դաշտում», ինչը պարադոքսալ երանգ է տալիս այս տողին։
…Oh, the songs to sing
When we at last return again…
Դե, իսկ այստեղ Փլանթն ի նկատի ունի երաժշտական բեմ վերադառնալը երկարատև կոտրվածքից հետո։
…Oh, to sail away
To sandy lands and other days…
Այստեղ կա ուղղակի հղում Հոմերոսի «Իլիական»-ին, որտեղ հույների նավերը հասնում են Տրոյայի անապատային ափերը։ Հաջորդ տողերն առասպելական հղումներ են պարունակում․
․․․Into the sun, the south, the north
At last, the birds have flown․․․
Այս թռչունները ճակատամարտի ժամանակ մարտիկների գլխավերևում սավառնող արծիվներ են, որոնց ուղարկում էր հունական գերագույն աստված Զևսը։ Հետաքրքիր է, որ Ջիմի Փեյջի մենանվագը հենց այս երևույթն է հիշեցնում․ էլեկտրակիթառի ծակող բարձր նոտաներն արծիվների ձայներն են։ Հաջորդ տողերն իրական կյանքի և «Իլիական»-ի խառնուրդ են․
…Oh, to laugh aloud
Dancing as we fought the crowd, yeah…
Աքիլլեսի համար պարի պես մի բան էր պատերազմում կռվելը, ինչից նա հաճույք էր ստանում։ Հաճույք էր ստանում նաև «Լեդ Զեփելին»-ը, երբ «պարելով կռիվ էր տալիս» ամբոխի՝ համերգին եկած երկրպագուների հետ։ Իհարկե «կռիվ տալ» ասելով Փլանթը նկատի ունի նվագելը, իսկ «պարել»-ն իրենց դեպքում գրեթե ուղիղ իմաստ ունի։ Սյուժեի գծեր և այլաբանություն են պարունակում հետևյալ տողերը․
…If one bell should ring
In celebration for a king…
Ըստ որոշ աղբյուրների՝ Տրոյայի դեմ հաղթանակի նշան պիտի լիներ զանգերի ձայնը։ Սակայն զանգերի ձայնը նաև խորհրդանշում է մահ, իսկ այս դեպքում՝ հազարավոր մարտիկների, այդ թվում և Աքիլլեսի, որոնք ընկել էին ռազմի դաշտում՝ թագավորի հաղթանակի համար։
…As proud the head, with heavy feet, yeah…
Բարդ չէ նկատել «աքիլլեսյան գարշապար»-ի և «ծանր ոտնաթաթեր»-ի («heavy feet») նմանությունը․ կարելի է ենթադրել, որ երգի սյուժեի այս մասում Աքիլլեսն արդեն խոցվել է Պարիսի նետից։ Աքիլլեսը զգում է իր մահը․
…Days went by when you and I
Bathed in eternal summer’s glow…
Նրա աչքերի առաջ անցնում է իր ապրած ողջ կյանքը.
…As far away and distant
Our mutual child did grow
Oh, the sweet refrain
Soothes the soul and calms the pain…
Հիշում է նաև իր և Դեիդամիայի երեխային։ Բայց մահը մոտենում է և իր հետ բերում թեթևություն ու հանգստություն։
…Oh, Albion remains
Sleeping now to rise again…
«Ալբիոն»-ը թարգմանաբար նշանակում է «Սպիտակ կղզի»։ Սա այն կղզին է, որտեղ թաղվել է Աքիլլեսը։ «Ալբիոն»-ը նաև Մեծ Բրիտանիայի կղզու հին անվանումն է։
Մյուս տողերում՝
…Wandering and wandering
What place to rest the search…,
«rest the search» արտահայտությունը նշանակում է «դադարեցնել երազանքի հետապնդումը»: Իհարկե, սա Տրոյայի դաշտի մասին է, որտեղ էլ զոհվեց Աքիլլեսը։
Հեղինակ՝ Սամվել Աղավելյան
👏👏👏👏👏👏👏